ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերենի, ինչպես նաև խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների խրախուսման և զարգացման վրա»:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը և հայոց խորհրդարանը վերհաստատել են իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին, ինչպես նաև դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը՝ 2012 թվականին դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ապա 2014 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ:
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոն ընտանիքին համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծում անդամ պետությունների համար քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև 2011-2014 թվականներին ՖԽՎ կողմից անցկացված ծրագրին՝ Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակիցների համար նախատեսված ֆրանսերենի դասընթացներին: Ծրագրի շնորհիվ ֆրանսերեն են թարգմանվել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի առավել կարևոր էջերը:
ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման նախագիծ, որի իրականացման համար ակնկալվում է ՖԽՎ գործուն աջակցությունը:
Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ, ՖԽՎ առաջին փոխնախագահ Ժակ Շանյոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, թե պատահական չէ, որ Հայաստանում է տեղի ունենում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը. Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է:
Ըստ պարոն Շանյոնի՝ Հայաստանի մասնակցությունը կհարստացնի գագաթաժողովը, քանի որ իրենց նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհի ժողովուրդների մշակութային բազմազանությունը:
Ժակ Շանյոնը նշել է, որ իրենք միացել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին. Քվեբեկի Ազգային ժողովն ընդունել է բանաձև, որով հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդին՝ Ցեղասպանությունը որակելով որպես քսաներորդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը: Ժակ Շանյոնը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՖԽՎ փոխնախագահ Ժան-Պիեռ Դյուֆոն նշել է, որ ֆրանկոֆոնիան չի պատկանում միայն Ֆրանսիային. այն արժեքների և մշակույթների միասնություն է: Պայքարը ռասսայական, էթնիկ և կրոնական ատելության ու խտրականության դեմ համընդհանուր արժեք է և ազգություն չի ճանաչում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանականների փոխայցերի և համագործակցության հեռանկարների մասին: