Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն արձագանքնել է ՀԱԿ և ՕԵԿ պատգամավորների հայտարարություններին

31 Հոկտեմբեր, 2015 19:06
Ոստիկանությունն արձագանքնել է ՀԱԿ և ՕԵԿ պատգամավորների հայտարարություններին

ՀՀ ոստիկանությունն արձագանքնել է ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարություններին և պարզաբանումներ տարածել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Չորրորդ իշխանություն» թերթի հոկտեմբերի 31-ի համարում հրապարակված «Ընտրակեղծիքի բունը ցուցակներն են» հոդվածում անդրադարձ է կատարվել Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իբր իշխանությունները ուռճացնում են ընտրողների ցուցակները՝ ավելացնելով հանրաքվեի արդյունքները կեղծելու հնարավորությունները՝ ID քարտերով քվեարկելու հնարավորություն ստեղծելը մեկնաբանելով որպես ընտրակեղծիքի հնարավորություն ստեղծելու գործիք: Բացի այդ, ինչպես Արամ Մանուկյանի, այնպես նաև որոշ քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվել183.000 նույնականացման քարտի առկայությունը:

«Ապատեղեկատվությունը հերքելու նպատակով պարզաբանում ենք, որ բնակչության պետական ռեգիստրից ստացված տեղեկատվության համաձայն՝ 23.10.2015 թ. դրությամբ 558.401 քաղաքացի ստացել են նույնականացման քարտ, որից 182.391-ը հին նմուշի անձնագրեր չունեն: Մասնավորապես՝ անձնագրի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի լինելու, փաստաթղթում անճշտության առկայության, անհատական տվյալների փոփոխության, վավերականության առավելագույն ժամկետը լրանալու, ինչպես նաև առաջին անգամ անձը հավաստող փաստաթուղթ ստանալու հիմքերով անձնագրավորման համար դիմելիս՝ քաղաքացիներին հ ին նմուշի անձնագրերի փոխարեն հատկացվել են նույնականացման քարտեր, քանի որ, գործող օրենքի համաձայն, հին նմուշի անձնագրերն աստիճանաբար հանվում են շրջանառությունից:
Նույնականացման քարտերի միջոցով ընտրակեղծիքներ կատարելու վերաբերյալ նույն անձանց կրկնվող հայտարարությունները այլևս գնահատում ենք որպես պարզունակ և ուղղորդող քարոզչություն, ուստի դրանց չենք հակադարձում:

Միաժամանակ՝ հանրաքվեի օրինական ընթացքի մեջ շահագրգռված բոլոր կազմակերպություններին առաջարկում ենք ընտրացուցակների մեջ նույն ընտրողի տվյալների կրկնության բացառված լինելու մեջ համոզվել, ընտրացուցակներում էլեկտրոնային որոնում կատարելով»,-նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Բացի այդ, զանգվածային լրատվության միջոցներով Հովհաննես Մարգարյանի (ԱԺ պատգամավոր Հովհաննես Հայկի Մարգարյան, ծնված 21.05.1964 թ., հաշվառված ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., շենք 4, բն. 55-56) կողմից տարածվել է հայտարարություն, ըստ որի` իր անհատական տվյալներով, նույնիսկ հայրանվան կրկնությամբ, Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է ևս մեկ, իսկ Շիրակի մարզում իր անվամբ և ազգանվամբ` 17 անձ: Հայտարարությունը տարածողի կողմից կասկածի տակ է դրվել ցուցակների ճշտությունը:

«Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է «Հովհաննես Հայկի Մարգարյան» անհատական տվյալներով ընդամենը 1 անձ, որը և հայտարարություն տարածողի տվյալներն են: Նույն անուն, ազգանունով (Հովհաննես Մարգարյան) Շիրակի մարզի ցուցակներում առկա են ոչ թե 17, այլ 39 անձի տվյալներ, որոնք քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող տարբեր անձինք են: Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է միևնույն անհատական տվյալներով 218 ընտրողների ցուցակը, որոնք տարբեր անձինք են:

Ցուցակներում անհատական տվյալների ընդհանուր կամ մասնակի կրկնության փաստեր արձանագրելիս, տվյալների ճշտության հարցում համոզվելու համար, կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն»,-նշված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին