Հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան «Մետաքս»-ի մոտ հնչած կրակոցների գործով իրադարձությունների ընթացքը անակնկալներ է մատուցում։ Մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան գործի վերաբերյալ։
Եվ այսպես. ինչպես արդեն գրել ենք, այդ օրը ուշ երեկոյան «Մետաքս Գոլդ»-ի աշխատակիցներ՝ եղբայրներ Վահագն եւ Վլադիմիր Գեւորգյանների ու հեղինակություն «Մետաքսի Պելեի» աներորդի Դավիթի միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն, որն ավարտվել էր կրակոցներով։ Կրակոցներից տուժել էին գործի հետ կապ չունեցող երկու երիտասարդ, ովքեր պարզապես այդ տարածքում են եղել։ Նշենք, որ Վահագնը եւ Վլադիմիրը թաղային հեղինակություն համարվող «Կաբել Արթուրի» շրջապատից են։ Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ «Չոռնի Գագոյի» հետ։ Նույն գիշերը կողմերը հաշտվել են եւ պայմանավորվածություն ձեռք բերել գործի ընթացքը փոխել եւ իրողությունն այլ կերպ ներկայացնել։
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ եղբայրներ Վահագնին եւ Վլադիմիրին այս պահի դրությամբ ոստիկանությունը փնտրում է, իսկ Դավիթին, ով ավելի վաղ տարվել էր ոստիկանություն, ապա բաց թողնվել, եւս փնտրում են։ Ստացվում է՝ «Մետաքսի» մոտ հնչած կրակոցների գործով ոստիկանությունը որոնում է երեք մարդու։
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ սցենար են ուզում գծել «Չոռնի Գագոյի» մտերիմ «Մետաքսի Պելեի» աներորդի Դավիթին «ջրից չոր» դուրս բերելու համար։ Այդ գործի համար արդեն իսկ Ոստիկանության Էրեբունու քրեական հետախուզության բաժանմունքի պետը փոխվել է։ Նոր պետ է նշանակվել նախկինում Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում ոստիկանությունից պաշտոնապես հաստատեցին։
Ոստիկանության քրեականի պետի փոփոխությունն, ինքնին, շատ բան է ասում։ Գագիկ Բեգլարյանը, փաստորեն, լծվել է իր մտերիմի աներորդուն այս գործից մաքրելու եւ գործի ընթացքը իրենց հարմարեցնելու «պարտականությանը»։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Մետաքսի Պելեի» աներորդի Դավիթին ջրից չոր դուրս բերելու համար փորձում են իրադարձություններն այնպես դասավորել, որ իբր այդ գիշեր բուքմեյքերական գրասենյակի մոտ կրակոցներ արձակողները ուրիշ մարդիկ են եղել։ Իբր, Վահագնին, Վլադիմիրին եւ Դավիթին են մոտեցել մեքենայով մի քանի երիտասարդներ եւ ասել. «Մեզ չեք ճանաչո՞ւմ»։ Կանգնածներն էլ իրենց հերթին ասել են. «Դուք ով եք, որ ճանաչենք», որին էլ հաջորդել են մեքենայի մեջ գտնված երիտասարդների կողմից անկանոն կրակոցները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: