Կարևոր իրադարձություններ

Արա Գևորգյանը ներկայացրեց «Remember» և «Կանք ու կլինենք» տեսահոլովակները

26 Հոկտեմբեր, 2015 21:02
Արա Գևորգյանը ներկայացրեց «Remember» և «Կանք ու կլինենք» տեսահոլովակները

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը և New arena production-ը ներկայացրին «Սև ապրիլ» նախագծի առաջին` «Remember» և «Կանք ու կլինենք» տեսահոլովակները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակներն առաջին անգամ ցուցադրվեցին հոկտեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծեցի մի երգ, որի անգլերեն տեքստի հեղինակն է ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, իսկ հայերենինը` Լևոն Բլբուլյանը: Երգն արժանացավ հավանության իմ ամենասիրելի մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կողմից, և սկսվեցին ձայնագրման աշխատանքները Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ»,- նշեց Արա Գևորգյանը:

ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով` երգը ձայնագրելուց հետո ինքը տեղեկացավ, որ «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակում սփյուռքի երկրներից Հայաստան են գալիս տարբեր երգչախմբեր:

«Այդ երգչախմբերը նույնպես կատարեցին ստեղծագործությունները: New arena production-ը Ծիծեռնակաբերդում կազմակերպեց նկարահանման աշխատանքները: Կատարվեցին նկարահանումներ նաև սփյուռքում` տարբեր երգչախմբերի մասնակցությամբ»,-հավելեց Արա Գևորգյանը:

ՀՀ վաստակավոր արտիստի խոսքով` երկու տեսահոլովակները նկարահանելու և ձայնագրելու վրա գրեթե գումար չի ծախսվել: «Սա ևս մեկ ապացույց է, որ եթե բոլորս միանում ենք, ունենում ենք լուրջ արդյունքներ: Հուսով եմ, որ օրերից մի օր Թուրքիան ինքն էլ կընդունի իր մեղքը»,-նշեց նա` հավելելով, որ երկու տեսահոլովակները կտարածվեն համացանցով:

Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանը նախաձեռնությունը հաջողված է համարում:

«Առաջին անգամ, երբ լսեցի ստեղծագործությունը, շատ դուրս եկավ: Արա Գևորգյանը շնորհքով տղա է: Երբ լսեցի սա, ասացի նրան` չի գտնվի մեկը, որ չհավանի այս երաժշտությունը: Ընթացքը շատ սահուն անցավ: Սա մատչելի երաժշտություն է բոլոր ազգերի համար»,-նշեց նա:

«Remember»-ը և «Կանք ու կլինենք»-ը «Սև ապրիլ» նախագծի առաջին քայլերն են: Երկու տեսահոլովակների երաժշտությունը նույնն է.տարբեր են միայն լեզուները, առկա է կադրերի չնչին տարբերություն: Բացի այդ, երգի հայերեն տեսահոլովակում որպես դիրիժոր հանդես է գալիս ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, անգլերեն տարբերակում` ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը: Տեսահոլովակների ռեժիսորն է Վահան Սեթոյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին