Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական մամուլը հաստատել է ԼՂՀ հետ սահմանամերձ շրջաններից բնակչության փախուստը

02 Ապրիլ, 2016 23:28
Ադրբեջանական մամուլը հաստատել է ԼՂՀ հետ սահմանամերձ շրջաններից բնակչության փախուստը

Թարթառի բնակիչները անմիջապես փախուստի են դիմել Ադրբեջանի ԶՈւ կողմից ԼՂՀ-ի դեմ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողություններին հայկական կողմից պատասխան հարվածներ հասցվելուց հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պատմում են Թարթառից Բարդա փախած քաղաքացիները` ադրբեջանական Meydan TV ինտերնետային կայքի տարածած տեսանյութում:

Նրանք պատմում են, որ թեժ մարտերի հետեւանքով Թարթառի բնակիչները լքել են բնակավայրը եւ ուղեւորվել այլ քաղաքներ: Նրանց խոսքով` փոխհրաձգությունը սկսվել է ժամը 03:30-ին եւ շարունակվել մինչեւ առավոտ:

Թարթառի բնակիչ Գյուլար Ալիեւայի խոսքով` ժամը 3-ին սկսված փոխգնդակոծությունների ձայները չեն դադարել մինչեւ առավոտ:

«Մենք Թարթառից կարողացանք դուրս գալ ժամը 10-ին: Փոխադարձ գնդակոծությունները շարունակվել են մեր դուրս գալուց հետո եւս: Տներին դիպչած գնդակներից վիրավորներ չեն եղել, բայց տներին վնաս է հասցվել», -ասել է նա:

Թարթառի մյուս բնակիչ Քիֆայաթ Գուլիեւան պատմում է, որ իրենց փախուստի պատճառը թեժ փոխադարձ գնդակոծություններն են եղել:

«Ականները դիպչում էին տներին, դռներին: Մենք խիստ սարսափած ենք», -ասել է նա:

Նշենք, որ ադրբեջանական կողմը հերքել է ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններից բնակչության դուրս գալու մասին սեփական մամուլում տարածված լուրերը: Ավելին, Թարթառի եւ Աղդամի գործադիր ղեկավարները ձայն-ձայնի տված լրագրողներին «հավաստիացրել» էին, որ բնակչությունը «հանգիստ զբաղված է գյուղատնտեսական եւ առօրյա գործերով»:

 

Լրահոս

Դիտել ավելին