Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով մեղադրվումէ հունվարի 2015-ի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, խրոնիկ հոգեկան հիվանդութամբ չի տառապել ու չի տառապում, սակայն ունի անձի ընդհանուր զարգացման շեղումներ, և մարդու մակերեսային, պարզունակ անհատականություն, որոշակի մանկամտություն, հուզական ռեակցիաների միօրինակություն, պրիմիտիվություն: Այս հանգամանքները հրապարակվեցին այսօր հերթական դատական նիստին գործով փաստաթղթերի հրապարակման փուլում:
«Հանցագործությունը կատարելու ժամանակահատվածում գործել է գիտակցված, հարկ է նրան ճանաչել մեղսունակ: Նա կարող է ճիշտ հասկանալ գործի համար կարևոր հանգամանքը, կարող է մասնակցել քննչական աշխատանքներին»,-մեջբերեց մեղադրող դատախազը:
Իր հերթին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ գործի մեջ տեղ է գտել դեռևս 2014թ-ի հունիսին Չիտայում ռուս բժիշկների կողմից Պերմյակովի վերաբերյալ տված էպիկրիզը, որի համաձայն վերջինիս հոգեկան վիճակը բավարար է, սակայն էմոցիոնալ անկայուն և նրան երեք ամիս զենք տալ չի կարելի, քանի որ նրա համար մարդկային կյանքը արժեք չունի:
Նիստը նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով վկաներից՝ Պերմյակովի մոտ ընկերը և հրամանատարը տեղափոխվել են այլ վայր ծառայության, հետևաբար ցուցմունք տալ չեն կարող:
Հաջորդ նիստը կկայանա մյուս ուրբաթ, դատարանը կանցնի իրեղեն ապացույցների հետազոտմանը, այնուհետև պետք է հարցաքննվի Վ. Պերմյակովը: