Կարևոր իրադարձություններ

Երևանի շտապօգնությունն առաջին եռամսյակում սպասարկել է 61886 կանչ

01 Ապրիլ, 2016 16:56
Երևանի շտապօգնությունն առաջին եռամսյակում սպասարկել է 61886 կանչ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը ներկայացրել է 2016թ. առաջին եռամսյակի արդյունքները: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում 451046 քաղաքացի այցելել է քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ. նրանցից 6220-ը ուղեգրվել է ստացիոնար բուժման, 267 քաղաքացի էլ ստացիոնար բուժման ուղեգրում է ստացել աշխատակազմի առողջապահության վարչության կողմից: Շտապօգնությունն սպասարկել է 61886 կանչ։

Այս տարվա առաջին եռամսյակում տրամադրվել է նաև առողջարանային վերականգնողական բուժման 145 ուղեգիր, որոնցից 43-ը՝ «Գանձաղբյուր», 53-ը՝ «Ջերմուկ Աշխարհ», 49-ը՝ Ջերմուկի «Արարատ» առողջարաններ։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետարանի կողմից հաջորդող երեք եռամսյակների ընթացքում կշարունակվեն ինչպես անապահով ընտանիքների համար առողջական խնդիրների լուծմանն ուղղված սոցիալական օժանդակության, այնպես էլ կանանց առողջության պահպանմանն ուղղված հատուկ առողջապահական ծրագրերը:

Հարկ է նշել, որ սոցիալական օժանդակության կարիք ունեցող կամ անապահով ընտանիքների աջակցությանը, նրանց առաջնային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության և հոգածության ներքո։ Փուլային բաշխվածությամբ յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվում են ոլորտային ծրագրեր, որոնք ուղղված են ընտանիքների թե՛ կենցաղային պայմանների բարելավմանը, թե՛ երեխաների համար անվճար կրթության հասանելիությանը, թե՛ առողջապահության և սոցիալական նպաստների տրամադրման համակարգում ընդգրկվելու հնարավորության ստեղծմանը։ Նշված աշխատանքներում ներգրավված են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության, հանրակրթության, առողջապահության վարչությունները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինը։

 

Լրահոս

Դիտել ավելին