Թեև «4+4+4» ձևաչափով քննարկման ժամանակ եղել է հստակ պայմանավորվածություն՝ հանդիպումը փակ է լինելու, այնուամենայնիվ, քննարկման ընթացքից ձայնագրություն է հրապարակվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
«Որոշել ենք, որ հանդիպումը պետք է լինի առանց լրագրողների, տեսախցիկների, որպեսզի աշխատանքային քննարկում լինի, հանգիստ մթնոլորտում քննարկենք բովանդակությունը, փոխանակվենք կարծիքներով։ Ինձ համար տարօրինակ էր, որ այդ հանդիպումից պիտի ձայնագրություն հրապարակվեր։ Առնվազն ներկաները պիտի հասկանային, որ հանդիպումը աշխատանքային է, մամուլի համար չէ։ Չէի ցանկանա մեկնաբանել՝ ինչպես է հայտնվել, ում կողմից, կար ջենտլմենական պայմանավորվածություն»,- շեշտեց Հովհաննես Սահակյանը։
Ըստ նրա՝ չնայած հույժ գաղտնի վտանգավոր խոսք հրապարակած ձայնագրությունում չի եղել, բայց գոյություն ունի փոխադարձ էթիկայի սկզբունք։
Ի դեպ, Սահակյանը նշեց, որ ՀԿ ներկայացուցիչները քննարկման ժամանակ թույլտվություն են խնդրել ձայնագրելու, ինչին որևէ առարկություն չի եղել։