Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է, որ թուրքական կողմն այդպես էլ ներողություն չի խնդրել ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման համար, հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Կարող եմ ասել միայն, որ հստակ է, որ ռուսական կողմն ակնկալում էր դա Անկարայից՝ տեղի ունեցածից հետո։ Նկատի ունենալով մեր օդաչուի զոհվելը՝ թուրքական օդուժի կողմից մեր ինքնաթիռը խոցելուց հետո։ Դա դեռ չի արվել։ Այդ առումով անգամ փոքր ակնարկ չի արվել»,-ասել է Պեսկովը։
Բացի այդ, խոսնակը վստահություն է հայտնել, որ օդաչուի մահվան համար մեղավորները պատասխան կտան։
Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ ձերբակալվել է Ալփարսլան Չելիքը, որն իր վրա է վերցրել ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։