Կարևոր իրադարձություններ

Գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել

22 Հոկտեմբեր, 2015 15:17
Գրիպի Ա և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել

«Սուր շնչառական վարակների ներկա իրավիճակն օրինաչափ է։ Յուրաքանչյուր տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք։ Առաջին ալիքն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը` դրան հաջորդող տարվա փետրվար ամսից»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Նա ներկայացրեց, որ գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացվող շաբաթական մոնիթորինգի տվյալներով 2015 թվականի հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում բուժհիմնարկություններից ստացված տեղեկատվության համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակների 2360 դեպք, ինչը 261-ով պակաս է 2015 թվականի համեմատությամբ (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 2621 դեպք): Ներկայումս Հայաստանում դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:

Արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ դրանք չեն գերազանցում սուր շնչառական վարակներով նախորդ 5 տարվա հիվանդացության շեմը: Նշվեց, որ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հանրապետությունում շրջանառում են սուր շնչառական վարակների ադենովիրուս և ռինովիրուս հարուցիչները: ԳրիպիԱ և Բ տեսակների հարուցիչներ չեն արձանագրվել:

«Ներկայումս հիվանդանոցներում վիրուսային բարդացած դեպքեր չունենք թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների շրջանում»,-հավելեց մասնագետը` միաժամանակ հորդորելով շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակովխուսափել հիվանդի հետ շփվելուց, հիվանդանալու դեպքում մնալ տանը և դիմել բժշկին, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները: Խորհուրդ տրվեց նման վարակների դեպքում խուսափել հակաբիոտիկներից։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են մի շարք միջոցառումներ։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բժշկական կազմակերպություններին իջեցվել են համապատասխան ցուցումներ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցառումների ցանկը: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում խստացվել է հակահամաճարակային ռեժիմի պահպանումը:

«Սեզոնային գրիպը վտանգավոր է բարդություններով։ Այս առումով հատկապես խոցելի են երեխաները, տարեցները և քրոնիկ հիվանդները։ Այդ իսկ պատճառով սեզոնին ընդառաջ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ»,-ասաց Գայանե Սահակյանը` հավելելով, որ առաջիկա շաբաթվանից կամավոր հիմունքներով կանխարգելիչ պատվաստումներ կկատարվեն ռիսկի խմբերի շրջանում՝ մանկատների և հատուկ կրթական հաստատությունների սաներ և սպասարկող անձնակազմ, ծերանոցների բնակիչներ և սպասարկող անձնակազմ, քրոնիկ հիվանդներ, հղիներ, առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների, հիվանդանոցների ընդունարանների, անհետաձգելի բուժման, վերակենդանացման, ԼՈՌ և շտապ օգնության բաժանմունքների բուժաշխատողներ, ովքեր անմիջապես շփվում են գրիպանման երևույթներով հիվանդների հետ:

«Յուրաքանչյուր երկրում ռազմավարական խնդիր է առողջապահական համակարգի ներուժի պահպանումը սեզոնային գրիպի վիրուսի գրոհներից` հիվանդներին բժշկական սպասարկման և օգնության ծառայությունների լիարժեք և ամբողջական ծավալով ապահովման նպատակով»,-ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:

Ի պատասխան լրագրողների հարցման` մասնագետները վստահեցրին, որ պատվաստանյութի ձեռք բերված քանակությունը կբավարարի պահանջարկը։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Լրահոս

Դիտել ավելին