Կարևոր իրադարձություններ

Ֆինանսական կրթությունը՝ դպրոցական դասագրքերում (լուսանկարներ)

20 Դեկտեմբեր, 2024 14:05
Ֆինանսական կրթությունը՝ դպրոցական դասագրքերում (լուսանկարներ)

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։

«Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ֆինանսական կրթման ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրանական բանկի հետ համագործակցությամբ և նպատակ ունի բարելավել սովորողների ֆինանսական հմտությունները։

Ներկայացնելով հանրակրթական դասագրքերում ֆինանսական կրթության ներառման արդյունքները՝ շեշտվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 2-11-րդ դասարանների ծրագրերում։ Արդեն իսկ ստեղծվել են ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագրքեր գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել ևս 12-ով։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը նշել է, որ տարին ակտիվ է եղել տարբեր նախաձեռնություններով, և հաջորդ տարի կամփոփվի Ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ փուլը, որին կհաջորդեն երրորդ փուլի մեկնարկի աշխատանքները։ 

Ներկայացվել են տեղեկություններ իրականացված ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում կյանքի է կոչվել մասշտաբային նախագիծ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով:

Նկարահանվել են ֆինանսական կրթման 140 մեկրոպեանոց ուսուցողական հոլովակներ, և նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է հոլովակների տարածում սոցիալական հարթակներում, դրանց հիման վրա առցանց դասընթացների մշակում, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծում: Նախագծի հետագա զարգացման համար ակնկալվում է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը: 

Անդրադառնալով 2024թ երկրորդ կիսամյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերին՝ ընդգծվել է կազմակերպված «Հաշտ ճամբար» նախագիծը, որին մասնակցել են Երևանից և մարզերից անապահով ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների 980 երեխաներ: Ծրագիրն իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ:

Բացի դրանից՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագիծը: Ուսումնական նախագծերի այս ծրագիրն իրականացվել է «Սիվիտաս» ՀԿ-ի հետ համատեղ: Այս տարի նախագիծն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 3 տարածաշրջաններում՝ ներգրավելով 22 դպրոցներից 22 ուսուցիչների և 130 աշակերտների: 

Հարկ է նշել նաև՝ երկրորդ կիսամյակի ընթացքում իրենց կամավորության հավաստագրերն են ստացել ԿԲ ֆինանսական կրթման թիմին միացած 30 կամավորներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ֆինանսական կրթման նախաձեռնություններում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին