ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների և ՔԾ գրասենյակի ղեկավարի տեղակալ Սեդա Մելքումյանի հետ։
Խոսելով ՆԳ նախարարության` մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումների մասին՝ Արմեն Մկրտչյանը կարևորել է համակարգի բարելավման, ինչպես նաև թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդրումը՝ հիմքում ունենալով հստակ չափորոշիչներ թե՛ դիմորդների, թե՛ ծառայողների համար։ Նա շեշտադրել է ներքին կարգապահական կանոնները, աշխատակիցների և ծառայողների վարքագծային պահանջները լավարկելու անհրաժեշտությունը՝ բարեվարքությունը դիտարկելով որպես ուղենիշային հատկանիշ։
Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունը՝ նշելով, որ ծրագրի արդյունքները կնպաստեն մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացմանը՝ ներառելով կրթություն-մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և թվային գործիքների կիրառում փոխլրացված շղթան։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի մանրամասները, մասնավորապես՝ թիրախային ուղղություններով առաջիկա անելիքներն ու ակնկալվող արդյունքները։
Քննարկվել է նաև մարդկային ռեսուրսների կառավարման համակարգում ակնկալվող փոփոխությունների հնարավոր ազդեցությունը քաղաքացիական ծառայության բարեփոխումների օրակարգի վրա:
Անդրադարձ է կատարվել միջազգային փորձի ուսումնասիրության, կադրերի ընտրության և համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կարևորվել է նմանօրինակ քննարկումների շարունակականությունը՝ կարիքները վերհանելու, խնդիրները գույքագրելու և համապատասխան լուծումներ մշակելու նպատակով։