Կարևոր իրադարձություններ

Կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

02 Հոկտեմբեր, 2024 15:10
Կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող  ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ:

Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեություն (ներմուծում և արտահանում) կազմակերպելու նպատակով, սակայն կազմակերպությունը ՀՀ տարածքում հիմնականում զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառումն իրականացրած անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։

Նշանակվել է համալիր հարկային ստուգում, որի ընթացքում տնտեսվարողի կողմից տրամադրվել են ելակետային տվյալներ՝ ընկերության կատարած ծախսերի, ունեցած շրջանառության և ստացված եկամուտների վերաբերյալ, որոնք ՀՀ ՊԵԿ ստուգումն իրականացնող անձանց կողմից համադրվել են նույնաբնույթ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում կազմվել է ստուգման ակտ, համաձայն որի՝   ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի լրացուցիչ հարկային պարտավորությունը կազմել է 174 979 917 ՀՀ դրամ՝ ներառյալ շահութահարկը և տույժ-տուգանքները։

Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բացի վերոհիշյալ ՍՊ ընկերությունից, որը զբաղվել է արտադրված կաթնամթերքն իրացնելով, գործում է նաև այլ անվամբ, սակայն նույն իրավաբանական անձին պատկանող մեկ այլ ընկերություն, որը զբաղվում է վերոհիշյալ ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի արտահանմամբ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր և սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը ստեղծել է վերոհիշյալ ընկերությունները՝ նպատակ ունենալով խուսափել պետությանը հարկ վճարելուց: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընկերության հասցեներում, որոնց ընթացքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։

Իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ 2023թ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար ընկերության ԱԱՀ-ի հարկման բազան, վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը, իսկ իրացնող ընկերության կողմից ներկայացված 2023թ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում առանց հիմքերի հաշվանցվել են ԱԱՀ-ի գումարներ: Կատարված հաշվարկներով պարզվել է, որ այս մասով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 183.024.329,6 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 215 000 000ՀՀ դրամը։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին