ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին և Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան, ԵՄ խոսնակն ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։
«Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, և այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով»,- ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարևորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։