Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին` միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան

26 Սեպտեմբեր, 2024 09:29
ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանի ջանքերին` միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը: 

Ողջունելով ներկաներին` վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել սլովենական կողմին` այս բաց քննարկումը կազմակերպելու համար և հավելել. 

«Համաշխարհային անվտանգության ճգնաժամը խարխլել է բազմակողմ համակարգը։ Մենք շարունակում ենք ականատես լինել հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվին, որոնք ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա, ներառյալ ամենախոցելիների: 

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմակայի այնպիսի իրավիճակներ ստեղծելու փորձերին, երբ միջպետական ​​հարաբերություններում ուժի կիրառումը, ագրեսիայի գործողությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները նորմալ են համարվում։

Քանի որ այսօրվա քննարկման թեման «Առաջնորդություն հանուն խաղաղության» է, ես ուզում եմ կիսել իմ համոզմունքը, որ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: 

Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է:

Շնորհակալություն ուշադրության համար»: 

 

Լրահոս

Դիտել ավելին