ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր, ինչին և ուղղված է եղել պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ կողմից ներկայացված վերջին առաջարկը։
Նախարար Միրզոյանը շեշտել է, որ տարածաշրջանում կայունության ապահովման ՀՀ տեսլականը հիմնված է տարածքային ամբողջականության անվերապահ հարգման, սահմանների անխախտելիության սկզբունքների, ինչպես նաև տնտեսական փոխկապակցվածությանը միտված նախաձեռնությունների վրա։