Կարևոր իրադարձություններ

Ոստիկաններն ու քննիչները կատարելագործում են գիտելիքներն ընտանեկան բռնության դեմ պայքարում

17 Սեպտեմբեր, 2024 18:19
Ոստիկաններն ու քննիչները կատարելագործում են գիտելիքներն ընտանեկան բռնության դեմ պայքարում

Սեպտեմբերի 13-14-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել քննիչների և ոստիկանության ծառայողների համատեղ վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ նվիրված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարին:

Դասընթացի նպատակն էր ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կարողությունների կատարելագործումը, ոլորտային օրենսդրական փոփոխություններին ծանոթացումն ու դրանց արդյունավետ կիրարկման նախապատրաստումը։

Կարևորվել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այդ առումով ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցության վարչության պետ Էդգար Պետրոսյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը իրենց խոսքում ընդգծել են, որ նման ձևաչափով դասընթացներն ու քննարկումները կարևոր նշանակություն ունեն միջգերատեսչական համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման, գործնական խնդիրները համատեղ և արդյունավետ լուծելու համար։

Միջազգային և տեղական փորձագետները ներկայացրել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության ոլորտում պետության պարտավորությունները՝ ըստ միջազգային լավագույն փորձի: Այդ համատեքստում երկօրյա դասընթացում քննարկված միջազգային չափորոշիչները և ազգային օրենսդրական փոփոխությունները կնպաստեն իրավապահ մարմինների ծառայողների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը՝ բարձրացնելով ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետությունը:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին հանձնարարվել են գործնական աշխատանքներ, որոնց շրջանակում ընթացել են իրավիճակային քննարկումներ:

Դասընթացը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին