Կարևոր իրադարձություններ

Դատախազը սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

11 Սեպտեմբեր, 2024 17:33
Դատախազը սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-նիրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման և հիվանդանոցի վերանորոգման աշխատանքների որակից, որից հետո՝ 2024 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան, պարկով փակել են գլուխը, նստեցրել ամենագնացն ու իրեն տեղափոխել կիսաքանդ շինություն՝ ասելով. «Ով է ասել, որ մոտենաս, տուն ունես, ընտանիք ունես, կարաս և չունենաս»: Այնուհետև, իր գլուխը կրկին պարկով փակելով, տեղափոխել են այլ տարածք, իջեցրել ավտոմեքենայի սրահից և հեռացել:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն, ցանկություն ունենալով իբրև քաղաքական հետապնդումների ենթարկված անձ՝ եվրոպական որևէ երկրում ապաստան ձեռք բերել, որոշել է լրագրող հրավիրել և հանրային եղանակով բողոք ներկայացնել Արագածոտնի մարզի բնակավայրում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ: Տեղեկանալով բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից Արագածոտնի մարզ այց կատարելու մասին՝ մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է վերոնշյալ պաշտոնատար անձին և բողոքել բնակավայրում կատարված աշխատանքների որակից: Իր նպատակին հասնելու համար՝ արհեստական ապացույցներ ստեղծելու եղանակով, 2024 թվականի հուլիսի 13-ին՝ առավոտյան ժամը 08:15-ի սահմաններում, դուրս գալով տանից, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Արթիկ համայնք: Ճանապարհին՝ Գեղաձոր-Հնաբերդ բնակավայրերի միջնամասում, ավտոմեքենան կայանելով ճամփեզրին, իր անձնական օգտագործման իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսը, թողել է ավտոմեքենայի սրահում և ճանապարհին հանդիպած ավտոմեքենայով գնացել Արթիկ համայնք: Ս.Ն.-ն Արթիկի հյուրանոցներից մեկում սենյակ է վարձակալել, մինչև ժամը 20:30-ը մնացել հյուրանոցում, այնուհետև, հանձնելով սենյակը, այլ ավտոմեքենայով վերադարձել է Արագածոտնի մարզ, ներկայացել իրավասու մարմին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնել ծանր հանցանքի՝ մի խումբ անձանց կողմից իրեն առևանգելու վերաբերյալ:

Դատախազը 2024 թվականի օգոստոսի 8-ին Ս.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (սուտ մատնություն, որըզուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով):

Ներկայացված մեղադրանքում Ս.Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին