Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ԱՄՆ անտառային ծառայության հետ համատեղ, սեպտեմբերի 10-ից 13-ը Ուրցաձորի էկո-կենտրոնում անցկացնում է Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց։
Մասնակցում են ՆԳ նախարարության փրկարար ծառայության, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ այլ պետական մարմինների ու գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ։
«Շատ եմ կարևորում նման միջոցառումները, որովհետև հակահրդեհային միջոցառումներն ամբողջ աշխարհում արդյունավետ են համագործակցության արդյունքում»,-ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Դասընթացի տեսական ու գործնական բաղադրիչների շնորհիվ մասնակիցները կծանոթանան հրդեհների և միջադեպերի կառավարման ամերիկյան համակարգին։
ԱՄՆ անտառային ծառայության Եվրոպա-Եվրասիա համակարգող Մեթյու Ուիլսի խոսքով՝ «Նպատակը աղետների կառավարման ոլորտում դասընթացի մասնակիցների կարողություններն ընդլայնելն է: Սկզբում զարգացնում ենք տեխնիկական հմտությունները՝ ներկայացնելով թիկունքում և թևային կողմերում փրկարարական աշխատանքի կազմակերպման, հրդեհների կառավարման ու արագ արձագանքման առաջատար մեթոդներն ու մոտեցումները, այնուհետև վարժանքների միջոցով ամրապնդում տեսական գիտելիքները»։
Ծրագրում ներառված թեմաները վերաբերում են վայրի տարածքների հրդեհների հիմնական հասկացություններին ու միջադեպերի կառավարման համակարգի սկզբունքներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի և ռեսուրսների կառավարման մեթոդաբանությանը, ինչի կիրառումը թույլ կտա արդյունավետ կարգավորել բարդ իրավիճակները և կառավարել հրդեհները։
«Նմանատիպ դասընթացները շատ կարևոր են, որովհետև բացի այն, որ ստանում ենք նոր գիտելիքներ, ձևավորվում են նոր հմտություններ, շատ կարևոր է փորձի փոխանակումը»,- նշում է ՃԿՊԱ դասախոս Անդրանիկ Խաչատրյանը:
Գործնական փուլում մասնակիցներն անցնում են «Ավազե սեղանի վարժություն», որի ընթացքում մոդելավորում են իրական հրդեհային իրավիճակներ և մշակում հրդեհների կանխարգելման ռազմավարություն։
Ներկայացնում է վերապատրաստման և գործառնությունների ավագ մասնագետ Սթիվեն Գրեյդոնը. «Համակարգչային մոդելավորման սեղանի օգնությամբ քարտեզի վրա տեղայնացնում ենք նախընտրելի տարածքը, ցուցադրում հրդեհի բռնկման ու տարածման շրջանակը, ժամանակացույցը, ինտենսիվությունը։ Մոդելավորումից բացի, կարևորում ենք նաև արդեն իսկ տեղի ունեցած հրդեհների վերլուծությունը, ինչը թույլ է տալիս հասկանալու տարածման մեխանիզմներն ու ծավալները՝ նպաստելով կանխարգելման աշխատանքներում առավել ճկուն մոտեցումներ որդեգրելուն»։
Դասընթացի մասնակիցները ձեռք բերված գիտելիքներն այնուհետև տեղայնացնում են դաշտային վարժանքի ժամանակ։ Ծանոթանալով տեղանքին և օգտագործվող հատուկ տեխնիկային՝ նրանք տարբեր վարժությունների միջոցով կատարելագործում են մասնագիտական հմտութունները։
«Փորձի փոխանակման շրջանակում ամերիկացի գործընկերները ցուցադրելու են իրենց երկրում կիրառվող հրդեհաշիջման մեթոդները՝ օգտագործելով ձեռքի թեթև գործիքներ, իսկ մեր հրշեջ-փրկարարները ցուցադրելու են իրենց հմտությունները»,-ասում է ՓԾ ՓՈՒՎ հրշեջ-փրկարարական պատրաստության ավագ հրահանգիչ Սամվել Այվազյանը:
Մասնակիցները արհեստականորեն ստեղծված հրդեհային իրավիճակում կանցնեն սիմուլյացիոն վարժանք՝ կիրառելով դասընթացի ժամանակ ձեռք բերված գիտելիքները։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։