Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ-ի փորձը (լուսանկարներ)

11 Սեպտեմբեր, 2024 13:35
Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ-ի փորձը (լուսանկարներ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։

Բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը,   Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական ​​խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հեունգչոնգ Կիմը։  

Պանելային քննարկման շրջանակում նախարարը  ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները, դրանց լուծման տարբերակներն ու տեսլականը։  

Նախարարի խոսքով՝ ներկայում մշակման ավարտական փուլում գտնվող՝ Հայաստանի զբաղվածության 2024-2030 թթ ռազմավարական ծրագիրը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային պարտավորություններից բխող` զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը

«Ռազմավարությամբ բարեփոխվող պետական քաղաքականությունն ուղղված է հատկապես մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռազմավարությամբ նախատեսվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գիտելիքի, փափուկ ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։ Ռազմավարությամբ խրախուսվում է նաև շարունակական կրթությունն ու մասնագիտական ​​զարգացումը, ինչը երաշխավորում է, որ ռազմավարության թիրախային շրջանակին պատկանող անձինք կարող են համընթաց քայլել տեխնոլոգիական առաջընթացին և լինել մրցունակ աշխատաշուկայում»,- նշել է նախարարը:

Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների մասին,  վերջին կարգավորումների մասին, որոնցով նախատեսվել են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր։ 

Աշխատողներին ավելի պաշտպանված դարձնելու համատեքստում՝ նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ներդրման նախատեսվող՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի, գործազրկության ապահովագրության, աշխատանքային օրենսդրության թարմացումների մասին։

Ելույթում կարևորվել են նաև վերապատրաստման և հմտությունների բարձրացման ծրագրերում ներդրումները, ինչը կարող է օգնել աշխատողներին մնալ մրցունակ արագ փոփոխվող աշխատաշուկայում։

 

Լրահոս

Դիտել ավելին