Կարևոր իրադարձություններ

Երկակի և ռազմական նշանակության ապրանքները փորձաքննության ուղարկվում են խորը մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում (տեսանյութ)

10 Սեպտեմբեր, 2024 12:52
Երկակի և ռազմական նշանակության ապրանքները փորձաքննության ուղարկվում են խորը մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում (տեսանյութ)

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և ֆիզիկական անձինք ՀՀ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելիության վերաբերյալ եզրակացությունը ստանում են  էլեկտրոնային եղանակով՝ ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, 2024 թվականի ապրիլի 11-ից ներդրել է երկակի և (կամ)  ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման պարզեցված կարգը: 

Նոր մեխանիզմի շնորհիվ էլեկտրոնային հարթակով ներկայացված հայտերի` տվյալ ապրանքի պատկանելիության մասին նախնական ուսումնասիրությունն իրականացվում է անվճար՝ կոմիտեում ստեղծված հատուկ մասնագիտացված աշխատանքային խմբի կողմից: Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև մեկ աշխատանքային օր։ Նորամուծության արդյունքում այժմ փորձաքննության ուղարկվում են միայն ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության ենթակա ապրանքները: Միաժամանակ, ապրանքի պատկանելիության մասին եզրակացությունը հայտատուին տրամադրվում է նույնպես էլեկտրոնային եղանակով, նույն հարթակի միջոցով՝ առանց հավելյալ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու: 

Պարզեցված ընթացակարգով էապես դյուրացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը: ՊԵԿ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի ներկայացրած վիճակագրությունը փաստում  է գործընթացի արդյունավետության մասին: 

Այսպես, ապրիլի 11-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար աշխատախմբին ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրվել է 4414 հայտ՝ 24 348  ապրանքատեսակի համամասնությամբ, որից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 3817 հայտ՝ 14 871  ապրանքատեսակով, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 597  հայտ՝ 9477 ապրանքատեսակով։ Իսկ փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝507 (4414 հայտի նկատմամբ՝ 11,48%) հայտ՝  1010 ապրանքատեսակով, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 190 (597 հայտի նկատմամբ՝  31,82%) հայտ՝ 959 ապրանքատեսակով: Նույն ժամանակահատվածում անվճար հիմունքներով հայտերի ուսումնասիրման և դրանք փորձագիտական կազմակերպություններ լրացուցիչ ուսումնասիրության չուղարկելու արդյունքում տնտեսվարողները ոչ միայն  խնայել են ժամանակ, մասնավորապես, յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր, այլև շուրջ 64 միլիոն դրամի ֆինանսական միջոցներ: 

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ պարբերաբար հրապարակվում է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Օգոստոս ամսին հերթական անգամ թարմացված ցանկըհրապարակվել է արդեն  նոր ձևաչափով, որում ներառված են 57 319  ռազմական  և  12 882 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ: 

Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նոր ձևաչափով հրապարակված ցանկերով:

 

Լրահոս

Դիտել ավելին