ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով:
Մրցույթն անցկացվում է 2014 թվականի հոկտեմբերի 6-ի N 973-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն`
համապատասխան ուսումնական տարածք,
համապատասխան մասնագետներ,
մշակված 90-110 ժամյա վերապատրաստման ծրագիր (տևողությունը 15-20 օր), որը պետք է ներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները,
վերապատրաստման ծրագրին և նախարարի 2015 թվականի հունվարի 30-ի թիվ 38-Ա/Ք հրամանով հաստատված հարցաշարին համապատասխան կազմված տեսական և գործնական պարապմունքների թեմատիկ պլան,
վերապատրաստման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա և ուսումնամեթոդական գրականություն:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,
սույն հայտարարության 3-րդ և 4-րդ կետերում նշված ծրագիրն ու թեմատիկ պլանը,
տեղեկանք կազմակերպության գործունեության ժամանակահատվածի մասին և վերջին 3 կամ 5 տարվա ընթացքում իրականացրած համապատասխան բնույթի աշխատանքների նկարագրությունը,
տվյալ ծրագրի իրականացումն ապահովող անձնակազմի անձնական թերթիկները (CV), որոնք պետք է պարունակեն աշխատակցի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
վերջին 1 տարվա ընթացքում կատարած հիմնական աշխատանքների ցանկը` նշելով պատվիրատուին, պայմանագրային գումարները, դրանց կատարման վայրը և ժամկետները,
տեղեկանք ֆինանսական կարողությունների և վերջին 1 տարվա միջին տարեկան շրջանառության մասին
նախորդ տարվա հարկային մարմին ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները:
Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2024թ. հոկտեմբերի 11-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` ժամը 13:00-14:00) դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ, 612 սենյակ)` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով www.escs.am կայքերում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը: