Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ զեկույցի քննարկումը

06 Սեպտեմբեր, 2024 23:07
ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ զեկույցի քննարկումը

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը:

Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝ հանգամանալից ներկայացնելով տարբեր ոլորտներում երեխաների իրավունքների համատեքստում իրականացված քայլերը: Հատուկ ընդգծվել է երեխաների առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման նպատակով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող քայլերը:

Կոմիտեն բարձր է գնահատել թվային գրագիտության և նորարար տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները: Կոմիտեի անդամները գոհունակությամբ նշել են ՀՀ պատվիրակության հետ երկխոսության կառուցողական մթնոլորտը, գնահատել են պատվիրակության անդամների մասնագիտական պատրաստվածության հանգամանքը:

Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աշխատանքները՝ արդյունավետորեն ապահովելու Կոնվենցիայի դրույթների իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին