ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է «Միջազգային եւ ԵՄ իրավունքն ու քաղաքականությունը եվրոպական արեւելյան հարեւանությունում` աշխարհաքաղաքական տուրբուլենտության համատեքստում» խորագիրը կրող Եվրասիա միջազգային համալսարանի կազմակերպած «Ժան Մոնե» ամառային դպրոցի ուսանողներին:
Ողջունելով Հայաստան ժամանած մասնակիցներին` Արման Եղոյանը կարեւորել է նմանատիպ կրթական ծրագրերի իրականացումը:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Երիտասարդները հետաքրքրվել են Հայաստան-Եվրոպական միություն ընդլանվող համագործակցությամբ եւ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությամբ: Եվրոպացի որոշ ուսանողների հարցերը վերաբերել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ կողմերի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին:
Արման Եղոյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, կարեւորել Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատման հարցում Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը: