Կարևոր իրադարձություններ

Թլիկում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. հանգամանքները պարզվում են

16 Օգոստոս, 2024 19:25
Թլիկում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. հանգամանքները պարզվում են

Թլիկ բնակավայրում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. հանգամանքները պարզվում են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ օգոստոսի 15–ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հիշյալ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։

Այնուհետև նրանցից մեկը՝ 40–ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33–ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, ով միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշակական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է հանձնարարություն՝ ենթադրյալ հանցանքը կատարած անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին