2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև՝ պարանոցի կտրված վերք։ Հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, առգրավվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը: Տուժածի մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քննիչների կողմից իրականացված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում, նախնական տվյալներով, պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է 65-ամյա կնոջ 25-ամյա որդին:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 25-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: