Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներում.
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
«Շիկահող» պետական արգելոցի և «Զանգեզուր», «Խուստուփ», «Սոսու պուրակ», «Սև լիճ» պետական արգելավայրերի կառավարման պլանի մշակման գործընթացի ավարտական փուլի շրջանակում ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը հյուրընկալել է ծրագիրն իրականացնող «Սոլյուտոն» ՍՊԸ ծրագրերի համակարգող Արեգ Կարապետյանին և ներկայացուցիչներին։ Քննարկվել է գործողությունների պլանը, որը պետք է հանդիսանա 2024-2029 թթ․ կառավարման պլանով սահմանված ռազմավարական նպատակներին ու խնդիրներին հասնելու ճանապարհը։
«Արփի լիճ» ազգային պարկում
Արփի լճի ափամերձ տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ ՊՈԱԿ-ի աշխատակիցների, էկոպարեկների և հարակից բնակավայրերի բնակիչների կողմից:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Էկոկրթական միջոցառում է անցկացվել Արտաշատ քաղաքի «Լանա մանուկների ակադեմիայի» սաների համար։ Թանգարանում վերջիններիս ներկայացվել են արգելոցի պատմությունը, բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակները: Միջոցառումը համատեղվել է «Խոսրով» տեղամասում երեխաների շրջայցով:
Հայաստանի բնության պետական թանգարանում
Հերթական էկոկրթական ծրագրի ընթացքում երեխաները թանգարան այցելելու կանոններն են սովորել, ծանոթացել Հայաստանի կենդանական աշխարհին։