«Պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել ինչպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հարակից շենքերի բնակիչների, այնպես էլ պայթեցման աշխատանքներով զբաղվող ընկերության ներկայացուցչի հետ:
ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են հարցին առնչվող առկա փաստերը և ոլորտը կարգավորող իրավական ակտերը:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում այն, որ բնակիչները գործընթացի վերաբերյալ պատշաճ չեն իրազեկվել, ինչը համանման գործընթացների պարագայում հաճախակի հանդիպող պրակտիկա է և չի համապատսխանում միջազգային չափանիշներին:
Հաշվի առնելով բնակիչների շրջանում առկա մտահոգությունները, ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ առկա՝ միմյանց հակասող մեկնաբանություններն ու տարընթերցումները, պայթեցնելու հնարավոր հետևանքների լրջությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների տարբեր բնագավառների տեսանկյունից, ինչպես նաև ոլորտում պետության կոնկրետ պոզիտիվ պարտավորությունները՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունը պետք է ապահովի գործընթացի պատշաճ կազմակերպումը և բացառի մարդու իրավունքների հնարավոր խախտումները այդ համատեքստում:
Այս տեսանկյունից Պաշտպանը կարևորում է նաև ոլորտի իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու և գործող կարգավորումները կատարելագործելու անհրաժեշտությունը:
Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այս պահին ևս քննարկումներ են ընթանում իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: