Կարևոր իրադարձություններ

Այս պահին հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ խոսնակ

10 Մայիս, 2024 15:35
Այս պահին հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ խոսնակ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները երեկ հասել էին մայրաքաղաք ու հանրահավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում: Այսօր առավոտից սկսել են անհնազանդության ակցիաներ իրականացնել:

Երթի մասնակիցները կոչ են անում փողոցներ փակել, դասադուլ անել:

Օրվա տարբեր ժամերին կարճ ժամանակով որոշ փողոցներ փակվել են:

«Հայաքվե» նախաձեռնության տելեգրամյան էջն էլ տեղեկացնում է, որ փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում։

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, այս պահի դրությամբ հանրապետությունում փակ փողոցներ չկան` հավելելով, որ առավոտից ճանապարհներ են փակվել Սյունիքում, Արարատում, Երևանում, բայց բոլորն էլ կարճ ժամանակ անց բացվել են:

Ըստ Սարգսյանի` այս պահին էլ տելեգրամյան ալիքներով տարածվում են տեսանյութեր, թե Սյունիքում փակ է միջպետական ճանապարհը, սակայն դրանք հին կադրեր են:

Նշենք նաև, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ, իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում, մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։ Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։ Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողներից մեկի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով վերջինիս գլխի հատվածին:

 

Լրահոս

Դիտել ավելին