Կարևոր իրադարձություններ

Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը. Արտակ Բեգլարյան

10 Դեկտեմբեր, 2023 22:32
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը. Արտակ Բեգլարյան

Արցախի քաղաքական գործիչ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրության հանրաքվեների օրն է, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ երեկ՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, որն, ի դեպ, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Հայաստանի առաջարկով: Թեև այս չորս առիթներն էլ լրջորեն խեղված են Արցախի ժողովրդի համար, բայց չորսն էլ, որպես հայեցակարգային հենասյուներ, անհրաժեշտ են մեր ապագայի կերտման գործում:

Արցախն այժմ ժամանակավորապես կորսված ու բռնազավթված է Ադրբեջանի՝ ցեղասպանական ու բռնապետական ալիևյան ռեժիմի կողմից, իսկ արցախցիներս՝ տարագիր: Արցախը վերջնականապես չկորցնելու և պատմության մեջ որպես ամբողջապես ձախողված սերունդ չմտնելու համար անհրաժեշտ է չփակել Արցախի ժողովրդի պայքարի էջը և պահպանել իրավատիրությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության պետական մարմինները, Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը, իրավունքներն ու, հետևաբար, պայքարը:

Առաջիկա շաբաթներին ու ամիսներին շատ գործնական ու իրագործելի անելիքներ ունեն Արցախի և Հայաստանի իշխանությունները այդ նպատակի համար, որոնցից կառանձնացնեի հետևյալները՝

1. Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը, ինչն առավելապես քաղաքական ու տեղեկատվական նշանակություն ունի՝ ազդակ տալու աշխարհին, որ ԱՀ պետական ինստիտուտները շարունակելու են գործել որպես Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը ներկայացնող օրինական ու լեգիտիմ մարմիններ:

2. Ապահովել ԱՀ վերակազմակերպված պետական համակարգի հետևողական գործունեությունը, հատկապես՝ արտաքին քաղաքական ուղղությամբ՝ երաշխավորելով նաև որոշակի ռեսուրսներ այդ աշխատանքների համար:

3. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններում հստակորեն հասցեագրել Արցախի ժողովրդի վերադարձի, իրավունքների ու անվտանգության միջազգային բարձր երաշխիքների հարցերը:

4. Քանի դեռ Արցախի ժողովրդի վերադարձը և անվտանգ ու արժանապատիվ կյանքն Արցախում երաշխավորված չէ, հստակ ու արագ աշխատանքներով պլանավորել Արցախի 150,000 փախստական ժողովրդի՝ Հայաստանում վերաբնակեցման ռազմավարությունը՝ հնարավորինս խթանելով նոր բնակֆոնդի կառուցումը և պահպանելով համայնքներն ու կարևոր ինստիտուտները:

5. Միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր մշակել և իրագործել Արցախի ժողովրդի զբաղվածության ապահովման և տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ՝ դրանք ներդաշնակեցնելով վերաբնակեցման ռազմավարության հետ: Այդ ընթացքում արագորեն բարելավել կարճաժամկետ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը՝ կանխելու համար արցախցիների հետագա արտագաղթը Հայաստանից:

6. Մշակված ռազմավարության ու ծրագրերի հիման վրա կազմակերպել միջազգային դոնորների համաժողով ու դրամահավաք՝ նպատակ ունենալով միջազգային հանրությունից ու Սփյուռքից ներգրավել անհրաժեշտ ռեսուրսները, որոնք կարող են հասնել մի քանի միլիարդ դոլարի: Ավելորդ է ասել, որ Հայաստանի Հանրապետության ունեցած ռեսուրսները բավարար չեն արդյունավետ կերպով ապահովել նույնիսկ հումանիտար արագ արձագանքն առաջին վեց ամսում:

7. Միջազգային իրավական ու քաղաքական գործիքակազմերով կանխել նախկին ԼՂԻՄ տարածքում Արցախի ժողովրդի գույքի, մշակութային ժառանգության ու այլ արժեքների ոչնչացումն ու յուրացումը, ինչպես նաև այդ տարածքներում ադրբեջանցիների բնակեցումը:

8. Միջազգային քրեական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ հնարավոր միջազգային ատյանների միջոցով հետամուտ լինել Արցախի ժողովրդի դեմ կատարված միջազգային հանցագործությունների պատասխանատուներին անհատական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկելու հարցում:

9. Բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառել Ադրբեջանում գտնվող մեր պատանդների ու գերիների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Իհարկե, մի շարք այլ անելիքներ էլ կարելի է նշել, որոնք ենթադրում են հետևողական ու արհեստավարժ ջանքեր թե՛ կարճ, թե՛ միջին և թե՛ երկար ժամանակահատվածներում: Սակայն, գլխավոր խնդիրը այս ռազմավարական նպատակների գիտակցության, կամքի ու կարողությունների առկայության հարցն է. դրանք լուծելուց հետո մնացած հարցերը ավելի հեշտ կերպով լուծում կստանան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին