Կարևոր իրադարձություններ

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար. Վահե Հովհաննիսյան

05 Սեպտեմբեր, 2023 10:58
ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ: Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը:

Նախարար Հովհաննիսյանը ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին