«Փաստ» օրաթերթը գրում է.
«Անցած տարվա սեպտեմբերի սկզբին հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը հայտարարել է, որ իր ընկերների հետ խորհում են Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց վանքը վերանորոգելու մասին։ «Վանական համալիրը պետք է վերականգնվի, իրավունք չունենք կորցնելու անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը», - այն ժամանակ ասել էր Զ. Մեղրյանը՝ հավելելով, որ Վանքի վերանորոգումը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր իմաստ պետք է կրի: «Ինչ-որ մի տեղից պետք է սկսենք Հայաստանի վերականգնումը։ Կարծում եմ՝ Աղջոց վանքը ճիշտ մեկնակետն է», - հայտարարել էր Զինավոր Մեղրյանը։ Աղջոց վանք անունը կրող միջնադարյան վանական համալիրը գտնվում է Արարատի մարզում՝ Խոսրովի պետական արգելոցում:
Հասարակական գործիչը նշում է, որ դժվարություններ շատ կան։ «Ցավոք, վանք այցելելուց հետո անցյալ տարի տեղի ունեցավ Ադրբեջանի հերթական ագրեսիան, որի հետևանքով հարյուրավոր մեր զինվորներ կրկին ստիպված եղան կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը։ Հետո եկավ ձմռան շրջանը։ Այս ամենն, իհարկե, խոչընդոտում էր Աղջոց վանքի վերականգնման գաղափարի իրականացումը։ Սակայն գործը երբեք կանգ չի առել, և ես վստահ եմ, որ շուտով կանցնենք մեր նպատակի իրագործման պրակտիկ կողմի աշխատանքներին», - նշեց Զ. Մեղրյանը»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: