Կարևոր իրադարձություններ

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի և «Լոֆթ Կենտրոն»-ի միջև Համագործակցության հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)

21 Մարտ, 2023 11:00
«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի և «Լոֆթ Կենտրոն»-ի միջև Համագործակցության հուշագիր է ստորագրվել (լուսանկարներ)

Մարտի 20-ին, «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի և «Լոֆթ Կենտրոն»-ի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր:

Հուշագրի ստորագրմամբ կողմերը կհամագործակցեն՝ ապահովելու Ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիայի այլ տեսակներ ունեցող, ինչպես նաև 65 և ավելի տարեկան անձանց ցերեկային զբաղվածությունը։ Հուշագրով նախատեսվում է, որ այսուհետ Երևանում «Հիշողության սրճարան»-ն ամեն շաբաթ կանցկացվի «Լոֆթ Երևան»-ում։ Տեղեկացնենք, որ «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպությունն այս ծրագիրը մեկնարկել է անցած տարվա հոկտեմբերից: Ամեն շաբաթ սրճարան են գալիս հիշողության խնդիրներ կամ դեմենցիայի այլ տեսակներ ունեցող 65 և ավելի տարեկան անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներն ու խնամողները։ Հիշողության սրճարանում տարեցները հնարավորություն են ունենում շփվել այլ անձանց հետ, հետաքրքիր անցկացնել ժամանակը, ինչպես նաև մարզել հիշողությունը տարբեր խաղերի և վարժությունների միջոցով։ Պարապմունքներն անցկացվում են փոքր խմբերով, տարեցները միասին սուրճ և թեյ են խմում, երգում են ու անգամ՝ պարում: ««Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում մենք նպատակ ունենք «Հիշողության սրճարաններ» բացել Հայաստանի տարբեր մարզերում։ Հուշագրի ստորագրմամբ «Լոֆթ»-ը կդառնա գործընկեր նաև Հայաստանի այլ մարզերում Հիշողության սրճարանների կազմակերպման համար»,- ասել է կազմակերպության ծրագրերի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը։ «Լոֆթ Երևան»-ի կենտրոնի ղեկավար Արևիկ Համբարձումյանը ևս բարձր է գնահատել այս համագործացությունը՝ նշելով, որ «Լոֆթ»-ը կարևորում է տարեցների համար տարբեր ծրագրերի իրականացումը և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ամենի անխափան կազմակերպման գործում։ «Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից է։ «Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի ծրագրերի իրականացմանն աջակցում են ՀՀ առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին