Կարևոր իրադարձություններ

Այսօր ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի ու հրետանու օրն է

19 Հոկտեմբեր, 2015 10:50
Այսօր ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի ու հրետանու օրն է

Դժվար է պատկերացնել ժամանակակից մարտը առանց հրետանու, ավիացիայի, տանկերի, հակատանկային հրթիռային համալիրների կիրառման: Դրված խնդիրների մեծ մասը, իհարկե, պատկանում է հրետանուն, քանի որ հրետանին օժտված է մեծ հզորությամբ, կրակի բարձր ճշտությամբ և հեռահարությամբ, լայն զորաշարժի ունակությամբ, հակառակորդի թիկունքում տեղաբաշխված կարևոր օբյեկտների վրա, կարճ ժամանակահատվածում, կրակի հանկարծակի կենտրոնացման կարողությամբ:

«Հրետանի» -«артиллерия» բառը ծագել է իտալական arte (искусство-արվեստ) և tirare(стрелять-կրակել) բառերից:

Հետադարձ հայացք նետելով պատմությանը` տեսնում ենք, որ հրետանի հիշեցնող առաջին զենքերը կիրառվել են Չինաստանում դեռևս ն.ք.ծ. 7-րդ դարում: Դա եղեգի ցողունով պատրաստված մի փող էր, որի ետևի մասը փակված էր կավե անոթով: Այդ զենքերով հրաձգության համար օգտագործվում էր մանրացված ածուխ:

Ժամանակակից պատկերացմամբ հրանոթի բոլոր չափանիշներին համապատասխանող զենքը առաջին անգամ կիրառվել է 1232 թ. Կենտրոնական Չինաստանում Մոնղոլների արշավանքներից պաշտպանվելու ժամանակ:

17-րդ դարում առաջացավ թնդանոթների ինքնուրույն տիպ` դաշտային հրետանի: Առաջին անգամ դաշտային հրետանին կիրառվել է թ. Գրյունվալդի ճակատամարտում:

Հրետանու կրակի հեռավորությունն ու դիպուկությունն ակոսավոր փողերի ի հայտ գալով միանգամայն աճեց:

18-րդ դարում թնդանոթների կրակի հեռավորությունը հասավ 2 կմ., սակայն կրակի ղեկավարումը կատարվում էր աչքաչափով:

19-րդ դարի կեսերին գիտության զարգացումը հնարավորություն տվեց էժան պողպատ ձուլել, որը թնդանոթների զանգվածային արտադրության հեռանկար բացվեց:

Արդեն` 20-րդ դարի սկզբին եվրոպական բոլոր երկրներում դաշտային հրետանու հիմնական տրամաչափն էր` 75-77 մմ., 8-10 կմ. հեռահարությամբ և 6-8 կրակոց րոպեում արագաձգությամբ: Սակայն այս ժամանակահատվածում ստեղծվեցին նոր հզորության 254-420 մմ. տրամաչափի, գերհեռահար 56-120 կմ և գերծանր` մինչև տոննա արկի քաշով հրետանի:

Համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում հրանոթները սկսեցին տեղադրվել տանկային բազայի վրա, որի հետևանքով հարձակողական գործողությունների ժամանակ հակառակորդի պաշտպանության խորքում աջակցման համար ստեղծվեցին անփոխարինելի ինքնագնաց հրետանային կայանքները ( 75-210 մմ. տրամաչափի հաուբիցներով):

Ժամանակակից փողային հրետանու վերազինման համակարգը ձևավորվել է ելնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձից, հնարավոր միջուկային պատերազմի նոր սպառնալիքից, ժամանակակակից տեղային պատերազմների լայն փորձից և , իհարկե, նոր տեխնոլոգիաների հնարավորություններից:

Ժամանակի ընթացքում կատարելագործվեց հրանոթի հեռահարությունը, կրակի ճշտությունը, արագաձգութունը և նշանակետի մոտ արկի հզորությունը: Այս տվյալների համադրմամբ էլ որոշվում է հրանոթի հզորությունը:

Արդեն 1970-ին հրետանու հիմնական տեսակների համար, որոնք էին 105—155 մմ հաուբիցները, նորմալ էր համարվում հրաձգության սովորական արկերով 25 կիլոմետր հեռավորությունը և 30 կիլոմետր` ակտիվ-ռեակտիվ արկերով:

1990-ների սկզբին Սովետական Միությունում աշխատանքներ սկսվեցին հրետանու «նոր սերնդի վրա: Որոշվեց մինչ այդ օգտագործվող հրանոթների տարբեր տրամաչափերից -122,152,203 միլլիմետրից անցնել 152 միլլիմետրանոց տրամաչափի` հրետանային բոլոր օղակներում (դիվիզիոնային,բանակային): Առաջին հաջողությունն էր 1989 թ.-ին ստեղծված« «Մստա» հաուբիցը, որը ուներ 53 կալիբր փողի երկարություն և ընդունվեց սպառազինման:

Այդ տարիներին դժվարին էր մեր զինուժի երկունքը: Իր ակունքներում ունենալով խորհրդային բանակի ավանդույթները` նորանկախ Հայաստանի բանակն, այնուամենայնիվ, ստեղծվեց հույժ անհրաժեշտությունից ելնելով` հիմնվելով ֆիդայական ջոկատների վրա և որն, ամենակարևորն է, կայացավ հայրենիքի սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման համար մղվող պատերազմական գործողություններին զուգընթաց:

Մեր Զինված ուժերի հրթիռա հրետանային զորատեսակը ծնվել է պատերազմի թոհուբոհում: Նորաստեղծ Հայոց բանակի հրետանային ստորաբաժանումների դերն արցախյան գոյամարտում դեռ սպասում է իր ուսումնասիրողին: Մի բան սակայն ակնհայտ է. արցախյան հաղթանակի կարևորագույն գրավականներից մեկը եղել է մեր հրետանավորների գրագետ գործելը` հատկապես Շուշիի ազատագրման և Լաչինի միջանցքի բացման ժամանակ:

Հրետանային ստորաբաժանումների ձևավորման սկիզբը կարելի է համարել 100 մմ ԿՍ-19 հրանոթների ստեղծմամբ: Այդ ժամանակ համակարգային կազմավորված հրետանային ստորաբաժանումները և հրանոթները գործարկում էին ազատամարտիկները, որոնք խորհրդային բանակում ծառայել են որպես հրետանավորներ: Այդ ժամանակ ամենակարևոր խնդիրն էր համալրել հրետանին մասնագիտական կադրերով: Աստծո կամքով թե մեր ազգի հեռատեսությամբ` բավականին շատ էին Թբիլիսիի հրետանային ուսումնարանում սովորած և խորհրդային բանակում մեծ փորձ ձեռք բերած հրետանավոր հայորդիները, որոնց մի մասը պահեստազորից, իսկ մյուս մասը հայրենիքի կանչով թողեց ծառայությունը ռուսական բանակում և վերադարձավ ու զինվորագրվեց նորաստեղծ մեր բանակին:

1992թ-ի հոկտեմբերին թշնամին մեծ ուժեր էր կուտակել Լաչինի միջանցքի երկու կողմերից և պատրաստում էր հարձակվել` միջանցքը փակելու և Արցախը խեղդելու նպատակով: Մեր ԶՈՒ հրամանատարությունը և հրետանու վարչությունը առաջին անգամ ստեղծեց հրետանու մեծ խմբավորումներ, որոնց կրակային հարվածները ոչ միայն ջախջախեցին թշնամու ուժերին, այլև մեր զորքերին հնարավորություն տվեցին անցնել հակահարձակման և ազատագրել այլ գրավյալ տարածքներ` Կուբաթլու, Զանգելան, Քարվաճառ և այլն: Հաշվի առնելով հայրենիքի սահմանների համար մղված մարտերում հրետանու մեծ դերին` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն , ՀՀ ԶՈւ-ում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես հրթիռային զորքերի և հրետանու օր:

Ժամանակները փոխվում են, բայց Հայաստանին սպառնացող արտաքին մարտահրավերները մնում են անփոփոխ: Եվ հիմա մեր երկիրը արժանապատիվ խաղաղությունը պաշտպանելու խնդիր ունի: Ի պատասխան թշնամու սանձազերծած սպառազինման մրցավազքի մենք առաջնորդվում ենք ասիմետրիկ պատասխանի ռազմավարությամբ: Ասվածը նշանակում է, որ Հայաստանը վարում է թշնամուն «անընդունելի վնասներ պատճառելու սպառնալիքի վրա հիմնված ռազմական զսպման քաղաքականություն: Միայն այդպես է հնարավոր կանխել մեծ պատերազմը: Այդ ասիմետրիկ պատասխանի ռազմավարության առանցքում՝ կրկին հրթիռա – հրետանային սպառազինությունն է, որն օժտված է հեռահար և ճշգրիտ խոցման հնարավորություններով: Այսօր Հայաստանի ռազմական ներուժը թույլ է տալիս խաղաղություն պարտադրել թշնամուն: Վերջինս սակայն բազմապատկել է պետք: Իսկ դա անընդհատ գործընթաց է` ուստի անհրաժեշտ է աշխատել առանց վարանելու և մշտապես զարգացնել մարտական վարպետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին