Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whocsored.com կայքի կողմից ճանաչվել է «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Արմենպրեսի հաղորդմամբ՝ կայքը Հենրիխ Մխիթարյանի խաղին 10 հնարավորից տվել է 9 գնահատականը: Հենրիխ Մխիթարյանին հաջորդում են նրա թիմակիցներ Պի եռ Էմերիկ Օբամեյանգը և Իլկայ Գյունդողանը, ովքեր ստացել են համապատասխանաբար 8.3 և 8.2 գնահատականները:
Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի Բունդեսլիգայի հերթական տուրում մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթանակ է տոնել «Մայնց»-ի նկատմամբ: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում Մխիթարյանի ակտիվ գործողությունների արդյունքում բացել է Մարկո Ռոյսը, իսկ խաղավերջին Հենրիխ Մխիթարյանն Օբամեյանգի փոխանցումից հետո կարողացել է շրջանցել մրցակցի դարպասապահին և գրավել դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը: