Կարևոր իրադարձություններ

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

25 Հունիս, 2019 20:27
Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Համագործակցության շրջանակը ներառում է իրավական կարգավորումների, միջազգային առաքելություններին մասնակցության, անձնակազմի պատրաստության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը:

 

Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին համագործակցության և, հատկապես, Բուլղարիայում այս տարվա մայիսին անցկացված զորավարժությանը ՊՆ ՌՈ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հնարավորության համար, կարևորել է համագործակցության շարունակական զարգացումը:  

Բրիգադի գեներալ Սերտովը ներկայացրել է Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը և խնդիրները, պատրաստակամություն հայտնել հայկական կողմին փոխանցել կուտակած փորձը՝ հատկապես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համար նոր կամ անծանոթ ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին