Կարևոր իրադարձություններ

Դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք.Երևանի քաղաքապետարան

10 Հունվար, 2019 16:01
Դպրոցներում և մանկապարտեզներում սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք.Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ. այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.:  Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում ևս երեխաները ստուգվում են: Հիվանդության որոշակի նշաններով երեխաներին ծնողների հետ պայմանավորվածության արդյունքում անմիջապես տուն են ուղարկում, որպեսզի կանխարգելվի հիվանդության հետագա տարածումը»,- նշել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը: 

Երևանի Լևոն Շանթի և Աղասի Խանջյանի անվան դպրոցներում, ինչպես նաև թիվ 17 մանկապարտեզում, ուր այցելեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, բուժկետերն ապահովված էին անհրաժեշտ դեղորայքով ու պարագաներով: Երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր, բուժքույրերը կոչ են անում ծնողներին սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ: 

Ուսումնական գործընթացի լիարժեք անցկացման համար կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանը ևս ապահովված էր:

«Վաղօրոք ջեռուցվել են դպրոցները՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան: Բացակայության հաշվառում է արվում բուժաշխատակիցների հետ համատեղ, և գրիպի փոքր իսկ նշաններ ունեցող երեխաներին տուն են ուղարկում:

Քաղաքապետարանի պատասխանատուները զրուցել են մանկավարժների ու աշակերտների հետ, խորհուրդ տվել հաճախակի օդափոխել դասասենյակներն ու հորդորել հիվանդության ցանկացած նշանի դեպքում մնալ տանը և լիարժեք առողջանալ: Համայնքային կրթօջախներում ստուգայցերը կլինեն շարունակական:

 

Լրահոս

Դիտել ավելին