Կարևոր իրադարձություններ

Շարմազանովը բացատրում է, թե ինչու է «Իմ քայլը»–ի ցուցակն աջաբսանդալ

16 Նոյեմբեր, 2018 13:33
Շարմազանովը բացատրում է, թե ինչու է «Իմ քայլը»–ի ցուցակն աջաբսանդալ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ի ներկայացրած համամասնական ցուցակը տրամաբանական ցուցակ է, որը բխում է ազգային-պահպանողական գաղափարախոսությունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աժ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մեր ցուցակում մարդիկ են, ովքեր ազգային արժեքային համակարգի կրող են, ում համար արցախյան հարցի հայանպաստ լուծումը գերխնդիր է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գերխնդիր է, ովքեր մտահոգված են Արցախի ապագայով, ազգային արժեքների պաշտպանմամբ, ազգային ավանդական ընտանիքի պահպանմամբ, ովքեր մտահոգված են առկա մարտահրավերներով եւ ՀՀ եւ Արցախի առաջ ծառացած կարևոր մարտահրավերների վերաբերյալ ունեն միեւնույն ընդհանուր տեսլականը»,–ասաց նա։

Շարմազանովը բացատրեց, թե ինչու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակն անվանում է աջաբսանդալ. «Այդ ցուցակում ես տեսել եմ շատ մարդիկ, այդ թվում՝ լրատվական դաշտից ու քաղաքացիական հասարակությունից, ովքեր կուրծք էին ծեծում, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ովքեր Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների ամենախիստ քննադատներն էին: Իսկ այսօր նրանց առաջնորդ Փաշինյանը դարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի ջերմ հարաբերությունների երկրպագուն, որը շատ լավ է, դարձել է ՀԱՊԿ ու ԵՏՄ պաշտպանը»,–նկատում է Շարմազանովը:

Նրա համար, սակայն, հիմա պարզ չէ՝ ինչպիսի դիրքորոշում ունեն այն նույն մարդիկ. «Ու ինձ համար հիմա ընկալելի չէ՝ այդ մարդիկ մնացել ենք իրենց կարծիքի՞ն, էլի գտնում են, որ ԵԱՏՄ-ն չարիք է, ՀԱՊԿ-ը չարիք է, Ռուսաստանն է մեղավոր Հայաստանի հետ կապված բազմաթիվ խնդիրներում, թե՞ ինչպես Նիկոլ Փաշինյանը, հեղափոխությունից հետո փոխել են իրենց կարծիքը: Դրա համար ասում եմ աջաբսանդալ»,–հավելեց ՀՀԿ պատգամավորը։

 

Լրահոս

Դիտել ավելին