Կարևոր իրադարձություններ

Եթե Ալեն Սիմոնյանը ունի փաստեր, հենց հիմա` այս պահին, առանց վարանելու թող գնա ցուցմունք տա. Շարմազանով

13 Սեպտեմբեր, 2018 15:30
Եթե Ալեն Սիմոնյանը ունի փաստեր, հենց հիմա` այս պահին, առանց վարանելու թող գնա  ցուցմունք տա. Շարմազանով

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց.«Եթե Ալեն Սիմոնյանը ունի փաստեր, հենց հիմա` այս պահին, առանց վարանելու թող գնա համապատասխան  իրավապահ մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի այն փաստերի վերաբերյալ և ով է գաղտնալսել» :

Այս հայտարարությունը կապված է նրա հետ, որ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսում կատարել են ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը և նրա փաստաբանները:

«Նա պարտավոր է դա անել, եթե դա չի անում, ուրեմն գործ ունենք քաղաքական մանիպուլյացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»,-ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը հենց դրա համար էլ ստեղծում են, որպեսզի ուսումնասիրվի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսումը, լինեն մասնագիտական քննարկումներ, և փորձեն պարզել գաղտնալսման փաստը, տեղը ու ծավալը:

 «Որպես պետական պաշտոնյա՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ դա դավադրություն է պետականության դեմ: Այստեղ ընդդիմություն-իշխանություն ինձ համար կարևոր չէ: Ես Փաշինյանին էլ եմ ասել, պետական հարցերում ես պետական պաշտոնյա եմ, ես «Ելք»-ից ամենաշատը շփվում եմ Փաշինյանի հետ՝ գործնական: Երեկ էլ, դրա առաջին օրն էլ, Փաշինյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, հիմա, եթե դա էլ գաղտնալսվի, որը հիմնականում պետական խնդիրներին, արտաքին քաղաքական պետական խնդիրներին է վերաբերել, ուրեմն դա շատ տխուր է», - նշեց նա:


Շարմազանովը չհամաձայնեց «Ելք»-ի գործընկերների այն պնդումների հետ, որ այս գաղտնալսումներում որևէ արտառոց բան չկա:

«Եթե այդ ամենն անեին Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, երեկ Ազգային ժողովը օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողի: Հիմա ի՞նչ ա փոխվել, ընկե՛ր, կոնկրետ հարց եմ տալիս, վերանանք անձերից, եթե այդ զրույցը Գորիկ Հակոբյանի, Վահրամ Շահինյանի միջև լիներ ու ասեինք՝ Սերժ Սարգսյանն էլ հրանանգ ա տվել, երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Հովիկ Աբրահամյանին ի՞նչ օրը կգցեր», - նշեց նա: 

ԱԺ փոխնախագահը նաև ընդգծեց, որ երեկ խորհրդարանում Փաշինյանը չխոսեց այն ամենի մասին, ինչ կար այդ ձայնագրության մեջ:

«Երեկ խորհրդարանում Փաշինյանը քաղաքական մանիպուլյացիա է արել. շատ հմուտ գործիչ է պարոն վարչապետը, ստեղ որևէ խնդիր չկա, ինքը ինչ պետք իրեն, սիրուն ասում է և նա չխոսեց այն բաների մասին, որոնք կային այդ ձայնագրության մեջ», - ասաց Շարմազանովը: 

Հարցին, թե կիսո՞ւմ եք երկրորդ նախագահի տեսակետը, որ Փաշինյանը նոր բռնապետ է, պատասխանեց. «Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի էմոցիոնալ ելույթով, որտեղ բոլորին կոչ էր անում ասֆալտին պառկացնել, դա էլ չգիտենք՝ որ օրենքով, իր սև և սպիտակների մասին ելույթով,  նրա մյուս էմոցիոնալ գնահատակները ոչ այլ ինչ էին, քան հայտարարություն, քաղաքական  տեռորի ժամանակշրջանի ստեղծման մասին, սա իմ կարծիքն է»,-ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին