Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել ԼՂ շփման գծում վերջին օրերին լարվածության աճի վերաբերյալ

22 Հունիս, 2017 10:35
ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել ԼՂ շփման գծում վերջին օրերին լարվածության աճի վերաբերյալ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարվածության աճի վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ԱՄՆ-ը խիստ մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին շրջանի խախտումներով, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի ԼՂ շփման գծում: Կողմերին հորդորում ենք խուսափել իրավիճակի լարումից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների անհապաղ քննարկումը։

Մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը կողմերի հետ։  Այս հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին