Կարևոր իրադարձություններ

Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, ինչո՞ւ էինք մենք ճաղերի հետևում. ադրբեջանցի իրավապաշտպանների հոդվածը The Guardian-ում

01 Ապրիլ, 2016 14:33
Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, ինչո՞ւ էինք մենք ճաղերի հետևում. ադրբեջանցի իրավապաշտպանների հոդվածը The Guardian-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում է՝ աշխարհի ժողովրդավար առաջնորդների հետ հանդիպման համար:

 

«Բայց մեր երկրում չի գործում ժողովրդավարությունը»,- գրում են ադրբեջանցի փաստաբան Ինթիգամ Ալիևը, մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը և ընտրությունների մոնիթորինգային խմբի ղեկավար, իրավապաշտպան Անար Մամադլին The Guardian հեղինակավոր թերթում։

 

Հեղինակները գրում են, որ ընդամենը երկու շաբաթ առաջ նրանք երեքն էլ ճաղերի հետևում էին 6-7.5 տարվա ժամկետներով՝ հետապնդվելով հորինված մեղադրանքներով: Նրանցից երկուսը համաներմամբ ազատ են արձակվել մարտի 17-ին՝ Նովրուզի առիթով՝ 12 այլ քաղբանտարկյալների հետ միասին: Երրորդի՝ Ինթիգամ Ալիևի պատիժը 5 տարվա պայմանական ժամկետով է փոխարինվել մարտի 28-ին։

 

«Մենք վերջին քաղբանտարկյալները չենք։ Շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և բլոգերներ դեռ ճաղերի հետևում են»,- գրում են հեղինակները հոդվածում՝ հիշատակելով լրագրող Խադիջա Իսմայիլովային և ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին։

 

«Նրանք, ովքեր ազատ են արձակվել, չեն կարող ամբողջությամբ վայելել ազատությունը մինչև ազատ չարձակվեն մյուս քաղբանտարկյալները: Օրենքի գերակայությունը պետք է հարգվի մեր երկրում, և քրեական մեղադրանքները չպետք է օգտագործվեն որպես պատրվակ վարչակարգի հակառակորդների՝ քաղաքական բնույթի կալանքների համար»,- գրված է հոդվածում։

 

«Եթե հարգանք չկա օրենքի գերակայության հանդեպ, եթե մենք չենք կարող ունենալ հիմնարար մարդու իրավունքներ, մեր ազատությունը ենթակա է ադրբեջանական դատարանների քմահաճ ներումներին և կամայական որոշումներին, այլ ոչ անօտարելի իրավունքներին, որոնցով մենք ծնվում ենք: Մենք բոլորս ակտիվ ենք քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտներում, և դրանք բոլորն օրինական են գործող ժողովրդավարությունում: Եթե Ադրբեջանը նման երկիր է համարվում, իշխանությունը պետք է դադարի միջամտել մեր աշխատանքին»,- շարունակում են հեղինակները:

 

Նրանք հոդվածը եզրափակում են՝ նշելով, որ կկարողանան իրենց երկիրը համարել ժողովրդավարական երկիր միայն այն ժամանակ, երբ ազատ արձակվեն բոլոր ադրբեջանցի քաղբանտարկյալները, երբ հարգվի օրենքի գերակայությունը և թույլ տրվի ՀԿ-ներին գործել անկախ սկզբունքով:

 

Լրահոս

Դիտել ավելին