«Փաստ» օրաթերթը գրում է.
«Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական տարբեր սուբյեկտների միջև լարվածության աճը դինամիկ կերպով շարունակվում է։ Ու իրավիճակն այնպիսին է, որ հակամարտության թեժ կետերը տարածվելու և ամբողջական տարածաշրջաններ ընդգրկելու նշաններ են ցույց տալիս։
Նույնիսկ արևմտյան փորձագետներն են ժամանակ առ ժամանակ ահազանգում իրավիճակի վտանգավորության մասին, երբ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին կարող է տակտիկական միջուկային զենք կիրառվել։ Իսկ բազմաթիվ վերլուծաբաններ ուղղակի մեղադրում են Արևմուտքի կառավարող շրջանակներին, որ նրանք անընդհատ հրահրում են աշխարհում ամենամեծ միջուկային զենքի պաշարներն ունեցող Ռուսաստանին՝ կտրուկ գործողությունների դիմելու։
Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքը ձգտում է նրան, որ ոչ թե Ռուսաստանը բաժան-բաժան լինի, այլ ուղղակի թուլանա, անձնատուր լինի ու հրաժարվի իր աշխարհաքաղաքական հավակնություններից։ Եթե Ռուսաստանը մասերի բաժանվի, ապա միջուկային զենքը կարող է հայտնվել տարբեր երկրամասերի ղեկավարների ձեռքում, որոնք անկանխատեսելի գործելակերպով կարող են սպառնալիք ներկայացնել Արևմուտքի համար։
Այս ամենին զուգահեռ՝ արևմտյան համայնքը, չնայած բազմաթիվ պաժամիջոցների սահմանմանը, Կրլեմլի հետ պահպանում է որոշ հաղորդակցության ուղիներ և Ուկրաինային այն աստիճանի օգնություն չի տրամադրում, որի արդյունքում պատերազմի մասշտաբայնությունը կարող է փոխվել։ Իր հերթին Ռուսաստանին հաջողվել է ոչ միայն դիմակայել արևմտյան պատժամիջոցներին, այլև իր տնտեսությունը ռազմական ռելսերի վրա տեղափոխել։ Կորցնելով արևմտյան շուկաները՝ Մոսկվան փորձում է հարաբերությունները խորացնել մյուս խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Չինաստանի, Հնդկաստանի ու Իրանի հետ։ Իսկ վերջին շրջանում ռազմական գործողությունների առավել ինտենսիվացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուկրաինական ու ռուսական կողմերը փորձում են, ինչքան հնարավոր է, արագ ամրապնդել իրենց դիրքերը՝ հավանական բանակցություններից առաջ։ Հավանական է, որ ԱՄՆ-ում աշնանը սպասվող ընտրություններում հաղթանակ կտանի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որը խոստացել է կանգնեցնել պատերազմը։ Եվ հրադադարից հետո ուկրաինական հակամարտության կողմերը փորձելու են ցույց տալ իրենց հաղթաթղթերը։
Մյուս լարվածության խոշոր օջախը Մերձավոր Արևել քում է։ Գազայում ընթացող պատերազմը ցանկացած պահի կարող է հրդեհել ողջ տարածաշրջանը։ Իրավիճակը առավել սրվել է Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ, քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։ Իրանը սպառնացել է վրեժխնդիր լինել։ Թեհրանը կարող է գործել նաև իր պրոքսի ուժերի՝ Եմենի հութիների, Հզբոլահի, Իսլամական ջիհադի ու այլ արտերկրյա կառույցների միջոցով և ռազմական գործողությունների դիմել։
Մյուս լարվածության օջախն արդեն Արևել յան Ասիայում է։ Սակայն Թայվանի ու Հարավչինական ծովի շուրջ հակամարտությունը դեռևս ռազմական բախման չի հանգեցրել, բայց ԱՄՆ-ը փորձում է տարածաշրջանային երկրներին վերցնել իր հովանու տակ Չինաստանին զսպելու նպատակով։ Արևմուտքին մեծապես անհանգստացնում է Չինաստանի տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումը։ Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ը սահմանափակումներ է մտցրել Չինաստանի նկատմամբ տեխնոլոգիաների՝ մասնավորապես չիպերի վաճառքի հարցում։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կիրառում են նաև մաքսատուրքերի գործիքակազմը չինական ապրանքների մրցունակությունը սեփական շուկաներում թուլացնելու համար։ Վերջին օրինակն էլ չինական էժան էլեկտրամեքենաների նկատմամբ շատ բարձր մաքսատուրքերի սահմանումն է»։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: