Կարևոր իրադարձություններ

Մրցույթ՝ Հորդանանի բուհերում անվճար կրթություն ստանալու համար

19 Ապրիլ, 2024 16:58
Մրցույթ՝ Հորդանանի բուհերում անվճար կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով բարձրագույն կրթություն ստանալու նպատակով:

Նախատեսված է մինչև 30 կրթաթոշակային տեղ հետևյալ մասնագիտություններով՝

տեղեկատվական տեխնոլոգիաներ,

ճարտարապետություն և շինարարություն,

հնագիտություն,

լեզվաբանություն,

բժշկություն,

արաբերեն,

իսլամագիտություն:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,

ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ,

բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերենով թարգմանված և նոտարական հաստատմամբ,

անձնագրի պատճենը,

ինքնակենսագրություն (CV) (անգլերեն),

բժշկական տեղեկանք (անգլերեն),

3×4 չափի 4 գունավոր լուսանկար,

արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակով՝ պատճենի հետ միասին (1+1):

Փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 6-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ ժամը 13:00-14:00-ը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ.՝ +37410-59-96-46)։ Լրացուցիչ տեղեկությունների համար ևս կարող եք դիմել նույն հեռախոսահամարով:

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։

 

Լրահոս

Դիտել ավելին