Կարևոր իրադարձություններ

Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը չկա ՈՒրարտուի կազմի մեջ. տեր լինենք ՈՒրարտուին. Էրեբունի թանգարանի տնօրեն

08 Հոկտեմբեր, 2023 00:34
Հեղինակ՝ Միքայել Բադալյան
Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը չկա ՈՒրարտուի կազմի մեջ. տեր լինենք ՈՒրարտուին. Էրեբունի թանգարանի տնօրեն

«Էրեբունի» թանգարանի տնօրեն, Ուրարտուի հնագիտության մասնագետ Միքայել Նալբանդյանը, անդրադառնալով 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքին, գրել է.

«Դասագիրք գրելն ու հրատարակելը ոչ թե մեծ, այլ մեծագույն պատասխանատվություն է: Դասագրքում հնարավորինս գիտահանրամատչելի ձևով պետք է տեղ գտնեն ծանրակշիռ փաստեր՝ ամեն-կերպ փորձելով զերծ մնալ անձնական տեսակետներից:

Ուզում եմ անդրադառնալ Հայոց պատմության 7-րդ դասարանի ՈՒրարտուին վերաբերող քարտեզին: Ես խնդրեցի դասագրքի հեղինակ պարոն Սմբատ Հովհաննիսյանին ինձ ուղարկել այդ դասագրքի էլեկտրոնային տարբերակը: Եվ պետք է նշեմ, որ պարոն Հովհաննիսյանը սիրահոժար կերպով ինձ ուղարկեց դասագրքի հղումը: Քանի որ ես ՈՒրարտուի հնագիտության մասնագետ եմ, ինձ նախ և առաջ հետաքրքրում էր հենց ՈՒրարտուի բաժինը: Պետք է նշեմ, որ այդ բաժնում տեղ են գտել բազմաթիվ ակնհայտ ոչ ճշգրիտ տեղեկություններ և որոշ վրիպակներ: Քանի որ հրավիրված էի Իննսբրուկի համալսարան Ուրարտուի կրոնի հնագիտության վերաբերյալ դասախոսություն կարդալու և միայն այսօր վաղ առավոտյան եմ վերադարձել Հայաստան, ուստի բավական հոգնած եմ և այդ բոլոր ոչ ճշգրիտ տեղեկություններին կանդրադառնամ մոտակա օրերի ընթացքում: Կարծում եմ դա շատ կարևոր կլինի և ուսուցիչների, և աշակերտների համար:

Սակայն, չեմ կարող այսօր չանդրադառնալ մի հանգամանքի վրա, որն անմիջապես աչք զարնեց: Դասագրքի 41-րդ էջում ներկայացված է ՈՒրարտուի քարտեզը, որի տակ բառացիորեն գրված է՝ Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.: Ընդ որում, ինչպես ես հասկացա, սա ՈՒրարտուի բաժնի միակ քարտեզն է: Ցավոք, բաժնում տեղ չի գտել օրինակ Արարատի թագավորության վերելքը ներկայացնող քարտեզ: Սակայն, ինչն էր տարօրինակ, որ այդ քարտեզում ՈՒրարտուի մեջ ներառված չի այսօրվա Հայաստանի հանրապետության տարածքը: Սա բավական մտահոգիչ է:

ՈՒրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի և Նախիջևանի հատվածները: Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի հանարապետությունը չկա ՈՒրարտուի կազմի մեջ: Ռուսա Սարդուրորդին, ով կառավարել է մոտավորապես Ք. ա. 730-ականների կեսերից մինչև 713 թվականը, նվաճել է ներկայիս Գավառի տարածքը և հիմնել ամրոց, որն անվանել է Խալդիի քաղաք: Այդ է փաստում Գավառի տարածքից գտնված սեպագիր արձանագրությունը:Այստեղ Ռուսան կառավիչ է նաև կարգել: Նույն Ռուսա Սարդուրորդին Սևանի հարավային ավազնաում ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի մոտ կառուցում է նոր քաղաք, որը կոչում է Տարերքի աստծո պատվին: Այժմ կարելի գնալ և Օձաբերդ հնավայրի քարաժայռերից մեկին տեսնել այդ արձանագրությունը, որտեղ, իդեպ, պատմվում են Ռուսայի այլ նվաճումների մասին: Այս քարտեզին նայելով՝ կարելի է կարծիք կազմել, որ ներկայիս Հայաստանը նշված ժամանակաշրջանում կապ չի ունեցել ՈՒրարտուի հետ:

Ըստ այդմ, խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները: Արգիշթի Ռուսայորդին, ով կառավարել է Ք. ա. 8-րդ դարի վերջերին և առնվազն 7-րդ դարի սկզբներին նույնիսկ հասնում է Սյունիք՝ առնվազն Սիսիանի տարածաշրջան, որտեղ թողնում է երկկողմ արձանագրություն: Ընդ որում, այդ խիստ հետաքրքիր արձանագրության մեջ նաև նշվում է Ծուլուկու երկիրը, որ Սյունիքի Ծղուկ գավառն է: Դե, Ռուսա Արգիշթորդին Ք. ա. 7-րդ դարի կեսերին Արարատյան դաշտի սրտում՝ ուրարտական սեպագիր արձանագրությունների Վազա երկրում կառուցում է հռչակավոր Թեյշեբաինի քաղաքը, որն համարվում է ամենաշատ նյութ տված ուրարտական հուշարձաններից մեկը:

Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են, ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք ՈՒրարտուի հետ: Պարոն Հովհաննիսյանի հետ մեր ֆեյսբուքյան հաղորդագրության ընթացքում, նա նշեց, որ խնդիր կար ՈՒրարտուի հստակ քարտեզների առումով: Սակայն, պետք է նշեմ, որքան էլ ՈՒրարտուի քարտեզների սահմանների տարբեր աշխատություններում կարող են իրար չհամընկնել, միևնույն է մասնագիտական գրականության մեջ, Հայաստանի հանարապետության տարածքի առնվազն մի հատվածը անպայմանորեն ընգրկված է այնտեղ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ փորձ է արել ցույց տալ Էթիունիի ինքնիշխանությունը: Շատ լավ, Էթիունին այդ ժամանակ բավական հզոր ուժ էր: Բայց Էթիունիի տարածքների առնվազն մի հատվածը Ք. ա. 743-700 թվականներին մտել է ուրարտական տերության կազմի մեջ: Ավելին, և ՈՒրարտուիի և Էթիունիի ժառանգներն ենք:

Գրածս չունի որևէ անձնական միտում: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում պարոն Հովհաննիսյանին և ուզում եմ ամեն-կերպ հավատալ, որ այստեղ քննարկվող քարտեզը դասագրքում տեղ է գտել ոչ միտումնավոր կերպով:

Իդեպ, այս դասագրքի համար Էրեբունի թանգարանից ուզել էին նկարներ: Ես ինքս դիմեցի Միասնական դպրոց-ի ղեկավար պարոն Վահրամ Սողոմոնյանին, նշելով, որ եթե ուղարկում ենք նկարները, ապա մենք կարող ենք նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Սակայն, մեզ պատասխանեցին, որ ժամանակը չի հերիքում և մեզնից անհրաժեշտ են միայն Ուրարտուի վերաբերյալ նկարներ:

ՈՒրարտուի ժառանգները, Էթիունիի ժառանգները մենք են հայերս: Դա մեծ պատիվ է և պատասխանատվություն: ՈՒրարտուն պետք է բրենդ դառնա Հայաստանի համար: Տեր լինենք ՈՒրարտուին…»:

 

Լրահոս

Դիտել ավելին