Կարևոր իրադարձություններ

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական. թուրքական մամուլի ուշագրավ արձագանքները` Հայաստանի հետ խաղին. «Արմենպրես»

10 Սեպտեմբեր, 2023 13:01
Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական. թուրքական մամուլի ուշագրավ արձագանքները` Հայաստանի հետ խաղին. «Արմենպրես»

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի չորրորդ ենթախմբի թերևս ամենասկզբունքային մրցախաղերից մեկի՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների Էսքիշեհիրում կայացած հանդիպման ոչ-ոքի արդյունքը հարևան երկրում բոլորի համար անակնկալ և անսպասելի արդյունք էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման հետ կապված աշխույժ մեկնաբանություններն ու արձագանքները չեն մարում: Մրցախաղը լայնորեն քննարկվել է թուրքական մամուլում՝ հանրապետական բոլոր պարբերականների կողմից:  

Մասնավորապես, «Հուրիեթը» գրել է, որ Թուրքիայի ազգային հավաքականն անակնկալ կերպով ոչ-ոքի (1-1) խաղաց Հայաստանի ընտրանու հետ, ինչից հետո Շտեֆան Կունցի ապագան դարձավ քննարկման առարկա և նրա հրաժարականը պահանջող ձայները սկսեցին ավելի բարձր հնչել: Թերթը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի հետ մրցախաղից հետո ֆեդերացիայի ղեկավարությունը նոր մարզչի պաշտոնում տեսնում է «Տրաբզոնսպորի» մարզիչ Աբդուլլահ Ավջիին, և հարցն այն է, թե նոր նշանակումը կհաստատվի՞ արդյոք Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղից առաջ: «Պնդվում էր, որ գերմանացի մարզիչ Շտեֆան Կունցի աթոռը տատանվում է, և ֆեդերացիան նետվեց նոր մարզչական քայլի»,- գրել է «Հուրիեթը»:

«Սաբահն» իր վերլուծականում երկու թիմերի ֆուտբոլիստների հանդիպումը համեմատել է փակուղու հետ և հավելել, որ փակուղուց առաջինը դուրս է եկել Հայաստանի հավաքականը:   

«Միլիեթն» իր հերթին շեշտում է, որ Հայաստանի ազգային հավաքականը կորցրեց մեծ առավելությունը՝ խաղադաշտը լքելով ոչ-ոքի արդյունքով: Այդուհանդերձ, հանդիպումից հետո քննադատությունների կիզակետում է հայտնվել Թուրքիայի ազգային հավաքականի մարզիչը, և գերմանացի մասնագետին փոխարինելու համար անակնկալ անուն է առաջ քաշվել: Պարբերականը մեջբերել է նաև Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեդ Բույուքեքշի խոսքերը, ով Հայաստանի ընտրանու դեմ խաղից հետո չի թաքցրել իր զայրույթն ու հիասթափությունը: «Մենք պետք է մարզադաշտից հեռանայինք շատ ավելի ուրախ և Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու երաշխիքով։ Փառք աստծո, որ հանդիպումը գոնե ոչ-ոքի արդյունքով ավարտվեց։ Ներողություն ենք խնդրում մեր ժողովրդից»,- ասել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

Ֆուտբոլային փորձագետ Մեհմեթ Օզջանը «Յենի Շաֆաք» պարբերականին տված հարցազրույցում պնդել է, որ Կունցի հետ ճանապարհները կբաժանվեն, և Աբդուլլահ Ավջին կնշանակվի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ով նախկինում արդեն իսկ եղել է ազգային հավաքականի ղեկին, իսկ «Տրաբզոնսպորի» հետ նախորդ տարի նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը:

Շարունակելով նույն թեման՝ «Աքշամ» պարբերականն իր հերթին վերկուծական հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Կունցը հեռանում է, որսորդը գալիս է»: Որպես փաստարկ, պարբերականը նշել է այն հանդիպումը, որը կայացել է Ռիվայում, ֆեդերացիայի ղեկավարի և ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում հավանական նոր թեկնածուի միջև: Ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Աբդուլլահ Ավջին մեկնել է Ռիվա՝ կարևոր սեմինարում որպես բանախոս մասնակցելու նպատակով, սակայն առիթը բաց չի թողել բանակցությունների համար։

Հայաստանի հավաքականի տպավորիչ խաղն այնպիսի հուսահատություն է առաջացրել Թուրքիայի ֆուտբոլային շրջանակներում, որ գլխավոր մարզչի հրաժարականի թեման կարմիր թելի պես անցնում է նաև «Ջումհուրիեթ», «Վաթան» և «Գյունեշ» պարբերականների վերլուծական հոդվածներում: «Ջումհուրիեթը» վկայակոչել է նաև անվանի մասնագետ Ֆաթիհ Թերիմի տեսակետը, ով վստահ է, որ Ավջիի նշանակումը կհաստատվի շատ շուտով։

Ինքնին հասկանալի է, որ մեր մարզիկների մրցելույթը գտնվել է նաև Թուրքիայում լույս տեսնող հայկական թերթերի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, «Ակոս» շաբաթաթերթը նշել է, որ Էսքիշեհիրում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 49-րդ րոպեին առաջ անցնելով հաշվի մեջ՝ Դաշյանի գոլից հետո հանդես է եկել ավելի համարձակ, իսկ Թուրքիայի հավաքականն այդ պահից սկսած խաղացել է ճնշման տակ և միայն խաղավարտից երկու րոպե առաջ փրկվել է պարտությունից։

«Մարմարան» իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանից երկրպագուների հարյուր հոգանոց խումբ էր ժամանել Թուրքիա՝ խաղին անմիջականորեն հետևելու նպատակով: Տեղի հայ համայնքից նույնպես փոքրաթիվ կազմ էր ժամանել մարզադաշտ՝ ոլորտի մարզական պատասխանատուների գլխավորությամբ:

«Ամբողջ մրցախաղի ընթացքում թուրք մարզասերները սուլոցներով, մարզադաշտ շշեր նետելով փորձեցին հոգեբանական ճնշում գործադրել հայ մարզիկների վրա:  Նրանց բղավոցները սկսեցին խաղի առաջին վայրկյաններից, երբ հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Խաղն անցավ համառ պայքարում: Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ հայաստանցի ֆուտբոլիստները խաղացին ոչ միայն 11 հոգանոց մրցակցի, այլ նաև  30 հազար մարզասերների դեմ, ովքեր եկել էին զորակցելու իրենց հավաքականին»,- գրել է «Մարմարան»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը չորրորդ ենթախմբում անցկացրած չորս խաղից հետո վաստակել է յոթ միավոր և այժմ գտնվում է երրորդ տեղում: Սեպտեմբերի 11-ին մեր հավաքականը կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն, որն ունի նույնքան միավոր և հանգրվանել է երկրորդ հորիզոնականում: Իսկ առաջատարը Թուրքիայի հավաքականն է 10 միավորով:    

 

 

Լրահոս

Դիտել ավելին