Կարևոր իրադարձություններ

Նպաստառու և հաշմանդամություն ունեցող 206 գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ

08 Հունիս, 2023 17:12
Նպաստառու և հաշմանդամություն ունեցող 206 գործազուրկ կապահովվի կայուն զբաղվածությամբ

Զբաղվածության խթանման միջոցառման իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսված է հաշմանդամություն ունեցող գործազուրկների, ինչպես նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման նպատակով գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։

Մասնավորապես, նախատեսվում է 2023 թ. ընթացքում միջոցառման միջոցով աջակցել 206 գործազուրկ անձի, որից 63-ը՝ հաշմանդամություն ունեցող, իսկ 143-ը՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անդամ:

Գործադիրը հաստատել է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թթ. համալիր ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:

Ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, առաջիկա տարիների պետական քաղաքականությունը, ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները: Համալիր ծրագրում սահմանվել են 7 առաջնահերթություններ, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովում, խտրականության բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց՝ որակյալ ներառական կրթության իրավունքի ապահովում կրթության բոլոր մակարդակներում, հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովում, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովում, մշակութային իրավունքների խթանում և ապահովում, մասնակցություն սպորտին և ժամանցին, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների բարելավում, խնամքի ծառայությունների փոխակերպում և անկախ կյանքի ապահովում, արտակարգ իրավիճակում կամ ռազմական դրության ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության և անվտանգության ապահովում։

Յուրաքանչյուր առաջնահերթության շրջանակում նախատեսվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին