«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ֆիթնես մարզիչ, սննդաբան Տիգրան Ասկարյանի հետ զրուցել ենք ֆիզիկական ակտիվության կարևորության, սթրեսի և այդ ակտիվության միջև եղած ուղիղ կապի ու սննդակարգի մասին: Շատ է կարևորվում ֆիզիկական ակտիվությունը դեռ փոքր տարիքից: Տիգրանն ասում է, որ իր մոտ հաճախող երեխաների ամենամեծ խնդիրը սկոլիոզն է:
Տիգրանը հոգեբանական գիտությունների մագիստրոս է, պաշտպանած թեզը վերաբերում է շարժական թերապիային, որը կիրառում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելիս: «Իմ թեզում նշել եմ, որ շարժական թերապիան երեխաների մոտ կիրառելով՝ կարող է առաջընթաց գրանցվել: Ֆիթնես, պար, լող. սրանք (և ոչ միայն) երեխաների մոտ կարող են աշխատեցնել մեծ ու մանր մոտորիկան»,-ասում է մեր զրուցակիցը:
Ֆիզիկական ակտիվությունը, մասնավորաբար՝ մարզասրահ այցելելը դիտարկվում է որպես քաշը կորցնելու կարևոր նախապայման: Մյուս կողմից` կարևոր է նաև սննդակարգը, հակառակ դեպքում կայուն արդյունք գրանցել դժվար թե ստացվի: Այս մասին ևս հարց ուղղեցինք Տիգրանին: Նշում է՝ իր մոտ գալիս են և ասում, որ ունեն քաշ կորցնելու խնդիր: «Պատասխանում եմ՝ առանց սննդակարգի մեր մարզաձևը հավասար է բանվորության: Որևէ արդյունք չեք ստանալու: Այսպես ասենք՝ առաջին ամսում, բնականաբար, որոշակի արդյունք կլինի, որովհետև նիհարեցման ամբողջ պրոցեսը հիմնված է կալորիականության դեֆիցիտ ստեղծելու վրա, այսինքն՝ շատ ծախսել եք, քիչ ստացել, բնականաբար նիհարում եք: Հիմա ինչո՞ւ չեք նիհարում: Պետք է հետևեք սննդակարգին, որը գրված է մարզչի, սննդաբանի կամ համապատասխան կրթություն ունեցող անձի կողմից:
Կարևոր է, որ սննդակարգը չվնասի մարդու առողջությանը, երբեմն գալիս են մարդիկ, որոնց մոտ առողջական խնդիրներ են առաջացել սխալ կազմված սննդակարգի հետևանքով: Նիհարեցման ամբողջ պրոցեսը տեղի է ունենում միայն սննդակարգով: Սնվելու կուլտուրա չունենք, ո'չ սովորում ենք դա տանը, ո'չ դպրոցում: Ոչ մի ինֆորմացիա չունենք: Եթե այցելում ես մարզասրահ, կա հնարավորություն մարզիչ ունենալու, ապա այդ ինֆորմացիան տրամադրողը պետք է լինի քո մարզիչը, կամ էլ պետք է աշխատես կրթություն ունեցող սննդաբանի հետ, նա ոչ թե ուղղակի դիետա կնշանակի, այլ կբացատրի ու կսովորեցնի, թե ինչո՞ւ է պետք կալորիականությունն իջեցնել կամ բարձրացնել, ինչպե՞ս անել, որ որոշ ժամանակ հետո նորից քաշ «չհավաքես»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: