Կարևոր իրադարձություններ

ԱՀ կառավարության որոշմամբ մայիսի 23-ին Արցախում լրագրողի մասնագիտական տոնն է․ Արտակ Բեգլարյան

23 Մայիս, 2022 22:20
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
ԱՀ կառավարության որոշմամբ մայիսի 23-ին Արցախում լրագրողի մասնագիտական տոնն է․ Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԱՀ կառավարության որոշմամբ մայիսի 23-ին Արցախում լրագրողի մասնագիտական տոնն է: Տոնի խորհուրդը լրագրողի մասնագիտական բարձր որակների՝ հետևողականության, սրտացավության և արհեստավարժության մեջ է, որի արմատները տանում են 1874 թվական, երբ Արցախում լույս ընծայվեց առաջին պարբերականը՝ «Հայկական աշխարհը»:

Արցախում լրագրության շուրջ մեկուկեսդարյա պատմության տարբեր հանգրվաններում անուրանալի է լրագրողների ներդրումը մեր ինքնության պահպանման, իրավունքների ու ազատությունների իրացման և մեր հողում ամուր կանգնելու պայքարի հաջողման հարցում: Շուշիի ծաղկունքից մինչև խորհրդային շրջան, Շուշիի ազատագրումից մինչև գերեվարում՝ մեր վերելքների ու անկումների նկարագրություններն ու վերլուծությունները մամուլի տողերում, ռադիոյի ձայնում և հեռուստատեսության տեսապատկերներում են:

Կուզեի շնորհավորել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք մշտապես կմնան իրենց մասնագիտական ու քաղաքացիական բարձրության վրա և իրենց արհեստավարժությամբ մեծապես կնպաստեն Արցախի վերածննդի և համազգային հաջորդ հաղթանակների ու ծաղկունքների կերտմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին