Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    550
    558

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

Եկեղեցու տարածքում բողոքի ցույցերը պետք է օրենքով արգելվեն. Շարմազանով

24 Սեպտեմբեր, 2018 12:05
Եկեղեցու տարածքում բողոքի ցույցերը պետք է օրենքով արգելվեն. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, քաղաքական ակտիվ թոհուբոհի մեջ այսօր խոսելու եմ շատ ավելի կարեւոր խնդրի մասին: Իմ քաղաքական գործունեության ողջ ընթացքում եւ երեկ, եւ այսօր կարեւորել եմ մեր երկրի ազգային ու հոգեւոր նկարագրի եւ արժեհամակարգի պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով հատկապես վերջին ժամանակներում հրապարակ նետված այն բացահայտ մարտահրավերները, որոնք ուղղակի հարվածում են Հայաստանի հանրապետության ազգային անվտանգությանը:

Մասնավորապես վերջին ժամանակներում ի հայտ են եկել գործիչներ, որոնք հրապարակային փորձում են ներմուծել արժեքներ՝ վտանգելով մեր ազգային նկարագիրը, քրիստոնեական արժեքները:

Մեր պատմության վերջին 2000 տարվա ընթացքում հայ ժողովրդի հոգեւոր, ազգային եւ բարոյական արժեհամակարգի կերտման եւ պահպանման գործընթացում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու դերը : Վերջին շրջանում հայտնի քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որի հետեւանքով ոմանց կողմից հարցականի տակ է դրվում Հայոց եկեղեցու բացառիկ առաքելությունը:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու`որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Ավելին, Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Սահմանադրության  համատեքստում հանրային իշխանությունը` որպես ՀՀ Սահմանադրության նորմերի կիրառման հիմնական երաշխավոր, պետք է կրի որոշակի պոզիտիվ պարտականություններ սահմանադրական եւ ազգային-հոգեւոր ինստիտուտի կարգավիճակ ունեցող Հայոց եկեղեցու անվտանգության եւ Սահմանադրությամբ նախատեսված դերի եւ գործառույթների բնականոն իրացման եւ ապահովման համար:

Վերջին շրջանում մեր եկեղեցու դեմ որոշ խմբերի կողմից սանձազերծած գործողությունները վտանգում են եկեղեցու սոցիալական եւ ազգային-հոգեւոր բացառիկ կարգավիճակը եւ պարունակում եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելու ներուժ: Միեւնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ստեղծված իրավիճակին իշխանության հանձնառությունները գերազանցապես կրում են պասիվ բնույթ:

Մինչդեռ իր հոգեւոր եւ ազգային իրավասության շրջանակներում Հայոց եկեղեցու բնականոն եւ անվտանգ գործունեության ապահովման հարցում պետության դերակատարման հարցը մնացել է բաց: Նման իրավիճակը պարարտ հող է ստեղծում եկեղեցու անվտանգության եւ հանրային կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների համար`վկայակոչելով խոսքի, հավաքների եւ խղճի ազատության իրավունքները:

Հաշվի առնելով այս ամենը` գործընկերներիս հետ որոշել եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ «Հավաքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ «Վարչական իրավախապտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ իրականացնել:

Ըստ այդմ, առաջարկում եմ օրենքում հստակորեն սահմանել, որ Հայոց եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում եւ դրանց հարող տարածքում արգելվում է կազմակերպել եւ անցկացնել եկեղեցու եւ նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքներ: Ավելին, օրենքով տուգանք սահմանել, ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման համար, այնպես էլ նրանց նկատմամբ , ովքեր կիրականացնեն եկեղեցու, նրա ծիսակարգի, հոգեւոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական կամ վիրավորական գործողություններ` ներառյալ եկեղեցական պատարագների եւ այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը:

Հատուկ մարդու իրավունքների պաշտպանության «մարտիկների» համար նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկային: Նման համաձայնագիր կա Սուրբ Աթոռի եւ Իտալիայի միջեւ, որի համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն պատժելի է եւ Իտալիայի կառավարությունը իրավասու է միջամտել եւ պատասխանատվության ենթարկել իրավախախտներին, ինչպես նաեւ համապատասխանաբար ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների հանրային հեղինակությունը նսեմացնող եւ հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող արարքների համար բավականին խիստ իրավական կառուցակարգեր են գործում թե Ռուսաստանում եւ թե Եվրամիության անդամ Լեհաստանում:

Համոզված եմ, որ այս փաթեթի ընդունման դեպքում Հայոց Սուրբ եկեղեցին եւ նրա միջոցով մեզ փոխանցված քրիստոնեական, ազգային-ավանդական արժեհամակարգը պաշտպանված կլինի»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին