Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Շիրակի մարզում. տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

24 Հոկտեմբեր, 2016 14:33
Դանակահարություն Շիրակի մարզում. տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզի Հառիճ գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարվել է 1954 թվականին ծնված Վահրամ Հ.-ն:

Հառիճեցիները Shabat.am-ի թղթակցին փոխանցել են, որ առավոտ ծեգին գյուղի կենտրոնում վեճ է ծագել, բոլորը շտապել են դեպքի վայր և դանակահարված տեսել Վահրամ Հ-ին: Համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանի փոխանցմամբ 58-ամյա Վահրամի և  դանակահարողի միջև  վեճը ծագել է դեռ հոկտեմբերի 23-ին: Նախկինում նրանք միջանձնային խնդիր չեն ունեցել:

«Իրենք երկուսով հոկտեմբերի 23-ին թաղման են եղել, զրուցել են, հետո՝ վիճել: Այսօր վեճը շարունակել են: Առավոտյան, որ գնացի աշխատանքի իրենք համայնքապետարանի մոտ կանգնած էին: Մի քիչ անցավ, ասեցին դանակը հանել խփել են Վահրամի փորը: Ես չգիտեմ, թե թաղման տեղը ինչու են վիճել: Դեպքը, որ եղավ նրան մի անգամից ես հիվանդանոց տարա»,-Shabat.am-ի հետ զրույցում նշեց Հառիճի համայնքնապետը:

Տուժած Վահրամ Հ.-ին տեղափոխել են Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ ծանր գնահատելով հիվանդի վիճակը ուղարկել են Գյումրի բժշկական կենտրոն:

Գյումրի ԲԿ-ի լրատվության բաժնից Shabat.am-ին տեղեկացրեցին, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 11:40-ին շտապբուժօգնության մեքենայով հիվանդանոց է հոսպիտալացվել սուր, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք: Տուժածը վիրահատվել է: Նրա առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին